About the Winner
Ծնվել է 1936 թվականին Արծվաշեն գյուղում: 1960 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Սահակյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, «Պիոներ կանչ» թերթում, արժանանալով մրցանակի։ 1959 թվականին «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Հայաստանի գրողների միության մրցանակին։ 1970 թվականին «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակին։
Միջազգային երկու ակադեմիաների անդամ է, Երեւանի պատվավոր քաղաքացի:
2007թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի` «Ծիծաղի տուն» հեռուստատեսային հաղորդաշարի համար։