About the Winner
Մետաղագործ Մամիկոն Մխիթարյանը ավարտել է Գեղարվեստի ուսումնարանը, իսկ 1980-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը։
Մետաղի գեղարվեստական մշակմամբ վարպետը զբաղվում է շուրջ 50 տարի, զուգահեռ ուսումնասիրում է հայկական մանրանկարչությունը, իսկ ստեղծագործությունների հիմքում դնում է ավանդույթներն ու հայկական ձեռագիրը։ Նրա բոլոր աշխատանքները բացառապես ձեռագործ են։ Աշխատանքի նախագծումից մինչև ստեղծում կատարում է միայն վարպետը։
Արծաթե, պղնձե և տարբեր մետաղներից պատրաստված սափորներ, ծիսական գավաթներ, կաթսաներ, գրակալներ, մասունքատուփեր, եկեղեցական ծիսական իրեր և այլն․ ժողովրդական վարպետի աշխատանքներն ամենուր են՝ Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների հայկական եկեղեցիներում, մետաղի գեղարվեստական մշակման տարբեր ցուցասրահներում, հավաքածուներում։ Որպես հայկական մշակույթը ներկայացնող իր՝ նրա աշխատանքները բազմիցս նվիրաբերվել են տարբեր երկրների ղեկավարներին, պատվիրակներին, Հայաստան այցելած պատվելի հյուրերին և այլն։
Կան աշխատանքներ, որոնք ունեն մշակութային և պատմագիտական նշանակություն, սակայն կիրառվում են կենցաղում։ Կան աշխատանքներ էլ, որ վերստեղծվել են գտածոների հիմքի վրա։
Վարպետի արվեստանոցը մշտապես մարդաշատ է՝ հյուրեր, աշակերտներ, որոնց նա ծանոթացնում է հազարամյա մշակույթի ավանդույթներին, դրանց նորովի մատուցման գաղտնիքներին ու նրբություններին։
Վարպետ Մամիկոն Մխիթարյանն ազատ ստեղծագործող է և բացի ավանդական նյութերից ու հայկական զարդապատկերների մոտիվներով ստեղծագործելուց, արտերկրում ստեղծում է հավաքածուներ, որոնք առավել նորաձև են, բնորոշ են այդ երկրի մշակույթին և մտածողությանը։
2024 թվականին «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Ուրարտական շրջանի ոգով» ստեղծագործությունների համար։