About the Winner
Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի։
Հետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով եւ 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով։
1954 թվականի հոկտեմբերին Գրական եւ Թատերական թանգարանների եւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության եւ արվեստի թանգարանը՝ մինչեւ 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետեւ, մինչեւ օրս՝ Մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Ավելի ուշ (1977 թ.) թանգարանում հանգրվանեցին նաեւ հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը։
2016 թ․ «Գրականություն» անվանակարգում թանգարանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Պատասխան 100 տարի անց» գեղարվեստական վավերագրքի համար։