10-11-2025 | 13:49
Հայ ժողովրդի պատմությունը՝ երաժշտական-թատերական ներկայացման լեզվով, կպատմվի սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսի հեղինակավոր «Greek Theatre»-ի բեմում, որտեղ տեղի կունենա «Echoes of Our Ancestors» երաժշտական-թատերական ներկայացման համաշխարհային պրեմիերան։
«Ոչինչ ավելի արդիական ու խորքային չէ այսօր, քան հայ ժողովրդի կերտած ճանապարհն ու մշակութային դիմադրողականությունը։ Այսպես ծնվեց «Echoes of Our Ancestors»-ը»,-Tert.am Life-ին պատմեց ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արման Նշանյանը։
Նախագծի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը, իսկ գլխավոր դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյանը։
Նշանյանի խոսքով, գաղափարի իրականացման համար երկար քննարկումներ է ունեցել պատմաբանի հետ, որից հետո կազմվել է հայոց պատմության համար 20 կարևոր իրադարձությունների ցանկը։
«Դժվար էր ընտրել, թե որոնք առանձնացնել։ Հետո պետք էր հասկանալ՝ ինչ երաժշտական գործեր կարող են ներկայացնել այդ իրադարձությունները։ Ես կազմեցի «երաժշտական քարտեզը», և հենց սկզբից ինձ միացավ պրոդյուսեր Ասկո Հակոբյանը։ Վերջինս միշտ կողքիս է բոլոր նախագծերի ժամանակ: Հետո մեր թիմին միացավ նաև Անդրանիկ Բերբերյանն, ով այս նախագծում հանդես է գալիս որպես երաժշտական պրոդյուսեր։ Միասին կատարելագործեցինք այդ քարտեզը և ստացանք այն, ինչ ցանկանում էինք։ Ուղերձը հստակ է՝ հիշել, թե որտեղից ենք գալիս, և հպարտանալ, որ կանք»,- ասաց նա։ Թեև բեմում հանդես կգան ոճով և ժանրով տարբեր արտիստներ, ռեժիսորը նշում է, որ ընտրությունն արվել է ոչ միայն երաժշտական վարպետության, այլև պատմական ժամանակաշրջաններ, արժեքներ և խորհրդանիշներ մարմնավորելու կարողության հիման վրա։
«Մեզ միատիպ արտիստներ հարկավոր չէին։ Նրանք պատմություն են ներկայացնելու։ «Echoes of Our Ancestors»-ը սովորական համերգ չէ, այլ մյուզիքլի, թատերական և պատմական ներկայացման սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսված են»,- ընդգծեց Նշանյանը։
Ներկայացման մասնակիցներն են՝ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սեբուն, Գառնիկ Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Իզաբել Բայրաքթարյանը, Բարսեղ Թումանյանը, Նունե Եսայանը, Արմեն Մովսիսյանը, Բերջ Կարազյանը, Սուրեն Առուստամյանը, Լյուդվիգ Իսպիրյանը, «Հայկյան» երգչախումբը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք։ Շուտով կհայտարարվեն նաև նոր անուններ, որոնք, ըստ Նշանյանի՝ կլինեն անակնկալ։ Նախագծին միացած առաջին արտիստը համաշխարհային ճանաչում ունեցող Սերժ Թանկյանն է։ «Սերժն արդեն համագործակցել էր իմ և Ասկոյի հետ «Ամերիկացի» ֆիլմում՝ որպես կոմպոզիտոր։ Երբ Ասկոն ներկայացրեց նախագիծը, նա անմիջապես համաձայնեց և մեծ ներգրավվածությամբ մասնակցեց բոլոր փուլերին՝ թե՛ գաղափարապես, թե՛ ստեղծագործական ներկայությամբ»,-նշեց Նշանյանը։
Ռեժիսորը կարևորեց նաև այն փաստը, որ պրեմիերան կայանալու է հենց «Greek Theatre»-ի բեմում։
«Այն աշխարհի ամենահայտնի ամֆիթատրոններից մեկն է։ Չնայած 6000 հանդիսատեսի տարողությանը՝ պահպանում է իր յուրահատուկ մթնոլորտը։ Մենք սկզբից գիտեինք՝ այս պատմությունը պետք է պատմվի բաց երկնքի տակ, մարդկանց բազմության առաջ, ինչպես հնագույն բալադները։ Թատրոնի հետ կապ հաստատելն ամիսներ տևեց, բայց իմ և Ասկոյի համառ ջանքերի շնորհիվ դա հաջողվեց»,-ասաց նա։ Ներկայացումը ներառում է սիմֆոնիկ և ազգային նվագախումբ, LED էկրաններ և տեսաշարեր, ինչպես նաև ժամանակակից և ավանդական պարային բեմադրություններ։ Ռեժիսորի խոսքով՝ նման մասշտաբի շոուներ սովորաբար կարելի է տեսնել Լաս Վեգասում, սակայն այս դեպքում ակրոբատների փոխարեն երաժշտական երեկո կլինի: Պրեմիերայից հետո «Echoes of Our Ancestors»-ը կշարունակի միջազգային շրջագայությունը՝ Երևանում, Կանադայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում և Նյու Յորքում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի բացօթյա և անվճար ձևաչափով՝ ի պատիվ նախնիների, հայրենիքի և ժողովրդի։
www.tert.am