
03-12-2023 | 11:32
Մենք գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի Արցախից Հայաստան տեղափոխված 300 ուսանողներին՝ իրենց ուսումը շարունակելու հարցում, եթե դա վճարովի ուսում է, և այդ հարցը կկանոնակարգենք»,- այսօր հայտնել է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում բնակություն է հաստատել 100,632 բռնի տեղահանված արցախցի։
Քարտային հաշիվ ունեցող արցախցիների մեծ մասն այս օրերին ստացել է 100 հազար դրամ միանվագ օգնությունը։
Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և քարտային հաշիվներ ունեցող շահառուների թիվը գերազանցում է 50 հազարը:
«Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ ընդամենը խոսքը վերաբերում է որոշ դեպքերում բանկային գործառնությունների ժամանակատարությանը, և երկուշաբթի կամ երեքշաբթի բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին։ Ովքեր չունեն քարտային հաշիվներ, պետք է այս օրերի ընթացքում բացեն իրենց հաշիվները»,-հայտնել է փոխվարչապետը և նշել, որ որ արցախցիների կեսն է առայժմ ստացել միանվագ դրամական աջակցությունը, իսկ մյուսներն առաջիկա օրերի ընթացքում, իրենց գրանցումներին համապատասխան, կշարունակեն ստանալ իրենց գումարները: