06-12-2024 | 21:25
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Ըստ հաղորդագրության` Թրեյսիին դեմարշ են հայտնել Վաշինգտոնի կողմից զինված Կիևի ռեժիմի նոր արյունալի հանցագործության կապակցությամբ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է` ԱՄՆ-ն, որը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում և փաստացի դարձել է հակամարտության կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինություններ, Կիևի վարչակարգի հետ հավասար պատասխանատվություն կրում է Սևաստոպոլում տեղի ունեցած ոճրագործության համար։
«Դեսպանին ասվել է, որ Վաշինգտոնի գործողությունները, որոնք Ուկրաինայի ազգայնամոլ իշխանություններին խրախուսում են շարունակել ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացին»՝ թույլ տալով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը, անպատիժ չեն մնա։ Անպայման պատասխան միջոցներ կհետևեն», - նշել են նախարարությունում ։
Հիշեցնենք` հունիսի 23-ին` Երեւանի ժամանակով 12:15-ին, Սևաստոպոլ քաղաքի վրա կանխամտածված ահաբեկչական հարված է հասցվել ամերիկյան հինգ ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով, որոնք համալրված են կասետային մարտական մասերով: Հրթիռային հարձակումը հետ մղելու ընթացքում ռուսական ՀՕՊ-ը որսացել է չորս հրթիռ։ Ամերիկյան հինգերորդ հրթիռի մարտական մասի պայթեցման հետևանքով Սևաստոպոլում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են մահացել։ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումից 151 մարդ է տուժել, նրանցից 82–ը հոսպիտալացվել են։