06-12-2025 | 18:33
Դեկտեմբերի 1-ին Մոսկվա են մեկնում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, և Ուկրաինան էլ ուզում է, որ պատերազմը դադարի»,- ուկրաինական կարգավորման մասին նախօրեին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Մինչ այդ Մայամիում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, Ուիթկոֆը և Քուշները բանակցություններ են վարել Ուկրաինայի պատվիրակության հետ, որ գլխավորել է Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
ԱՄՆ պետքարտուղարը բանակցությունները գնահատել է «օգտակար և կառուցողական», բայց հավելել, որ համաձայնության հասնելու համար «դեռ աշխատանք պետք է կատարվի»: Ռուբիոն ընդգծել է, որ «պետք է ներգրավվի նաև հավասարման երրորդ կողմը», ինչի համար էլ, ըստ էության, Ուիթկոֆը և Քուշները մեկնել են Մոսկվա: Ըստ տեղեկությունների, ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունները նշանակված են դեկտեմբերի 2-ին:
«Ուոլ սթրիթ ջոռնելի» դիվանագիտական աղբյուրը բացահայտել է Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Թրամփի «կանխակալ վերաբերմունքի պատճառը»: Նա հայտնել է, որ անցյալ ամիս Մայամիում «հանդիպել են երկու ամերիկացի և մեկ ռուս գործարար՝ Ուիթկովը, Քուշները և Կիրիլ Դիմիտրիևը»: Ըստ այդմ, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևին «հիմնականում հաջողվել է ամերիկացիներին համոզել, որպեսզի իր երկիրն ընդունեն ոչ թե որպես սպառնալիքի, այլ անսահմանափակ հնարավորությունների իրացման աղբյուր»:
Իսրայելական vesty.go.il-ի տեղեկություններով, Դմիտրիևը Միացյալ Նահանգների գործարար շրջանակներին առաջարկել է «ավելի քան երկու տրիլիոն դոլարի ներդրումային ծրագրեր»: Խոսքն առաջին հերթին «Արկտիկայում էներգակիրների, իսկ Սիբիրում հազվագյուտ մետաղների հանքավայրերի շահագործման մասին է»: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը խոստացել է «աջակցել Իլոն Մասկին՝ դեպի Մարս տիեզերական թռիչք իրականացնելու հարցում»:
Տպավորություն է ստեղծվում, որ Վլադիմիր Պուտինը փորձում է պառակտել հավաքական Արևմուտքը, և դա, կարծես, նրան հաջողվում է, եթե, իհարկե, բանակցությունների ընթացքում նրան հաջողվի Ուիթկոֆին և Քուշներին համոզել, որ ԱՄՆ-ի համար Ռուսաստանը «հնարավորություններ իրացնելու երկիր է»: Այդ դեպքում կստացվի, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը միջազգային անվտանգության հարցում տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն. Եվրոպայի համար Ռուսաստանը սպառնալիք է, իսկ Միացյալ Նահանգները նրա հետ մի քանի տրիլիոն դոլար արժեցող ներդրումային ծրագրեր իրականացնելու մտադրություն ունեն:
Հետպատերազմական Ռուսաստանն, անշուշտ, արտաքին ներդրումների լուրջ կարիք է ունենալու: Բայց ո՞րն է երաշխիքը, որ ամերիկյան «լենդ-լիզ»-ով ոտքի կանգնած տնտեսությունը կրկին չի աշխատելու ռազմական ներուժի հզորացման ուղղությամբ: Բայց ամեն ինչ կախված է Պուտին-Ուիթկոֆ բանակցություններից:
www.1in.am