17-01-2025 | 19:30
Հրապարակային քաղաքականությունն` ընդհանրապես, եւ «դեբատի» ժանրը` մասնավորապես, ծրագրերի, գաղափարների եւ երկրի ապագան որոշելու մասին չեն: Դրանք ավելի շատ նման են «Ուրախների եւ հնարամիտների ակումբին», երբ հանդիսատեսի համար կարեւոր է, թե ով ում լեզվի տակից դուրս կգա:
Այդ առումով Բայդեն-Թրամփ առաջին բանավեճը մաքուր KBH էին՝ այն տարբերությամբ, որ խորհրդային (ռուսական) հեռուստաշոուի մասնակիցները երիտասարդ էին, իսկ այս մրցամարտում ելույթ էին ունենում 81 եւ 77 տարեկան տարեց մարդիկ: (Հիշեցնեմ, ի դեպ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013 թվականին հրաժարվել էր մասնակցել նախագահական մրցավազքին՝ պատճառ բերելով, որ ինքը… 68 տարեկան է):
Միացյալ Նահանգները կայացած ժողովրդավարական երկիր է: Այս համատեքստում դա նշանակում է երեք բան:
1/ Տնտեսական եւ քաղաքական վերնախավի կողմից առաջադրված երկու թեկնածությունների շանսերը մոտավորապես նույնն են: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Պուտինը բանավիճեր Խարիտոնովի հետ:
2/ Առաջին դեմքի հնարավոր սխալ որոշումներն ունեն բազմաթիվ «ֆիլտրներ». գոյություն ունի զսպումների ու հավասարակշռումների մեխանիզմ՝ ի դեմս Կոնգրեսի եւ դատական համակարգի:
3/ ԱՄՆ պետական շահերը կախված չեն նախագահի կամքից: Մասնավորապես, բացառված է, որ ընտրապայքարի որեւէ ելքի պարագայում Միացյալ Նահանգները չշարունակի իր աջակցությունը Իսրայելին եւ Ուկրաինային: Իհարկե, արտաքին եւ ավելի շատ՝ ներքին քաղաքականության «երանգներում» կարող են լինել որոշակի փոփոխություններ: Մնացածն, ինչպես ասացի, ավելի շուտ նման է շոուի, որը կոչված է զբաղեցնել հասարակությունը:
Անցած բանավեճում Թրամփն, անշուշտ, ավելի համոզիչ էր: Նա շատ ավելի վստահ էր խոսում եւ ավելի հաճախ էր իրականությունը խեղաթյուրում (ըստ «Նյու-Յորք Թայմզի» փաստերը ստուգող թիմի): Հայտնի է, որ ներկայիս «հետճշմարտության» դարաշրջանում սուտ խոսելը հաջողության գրավականն է: (Տես՝ նախորդ խմբագրականը): Բայդենը, հակառակ դրան, խոսում էր «մրսած ձայնով», կմկմում էր, իսկ մի պահ, կարծես թե, կորցրել էր մտքի թելը: Այնպես որ առաջին բանավեճի արդյունքներով Թրամփի շանսերը գերադասելի են թվում: Դրան, կարծում եմ, պետք է գումարել Արեւմուտքում նկատվող ընդհանուր միտումը, ըստ որի, գերապատվությունը տրվում է «աջ», պահպանողական արժեքներին, որոնց ջատագովն է նախագահի տվյալ թեկնածուն: Թե ով է, ի վերջո, հաղթելու, մեզ՝ հայաստանցիներիս համար այնքան էլ կարեւոր չէ:
Օրինակ, բոլոր պարագաներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները գովերգելու են Փաշինյանին՝ որպես «մեծ դեմոկրատի», քանի որ Հայաստանի վարչապետն ու նրա շրջապատը ժամանակ առ ժամանակ հակառուսական հայտարարություններ են անում եւ, հետեւաբար, դա էլ է բխում ԱՄՆ պետական շահերից:
Բայց բուն ընտրությունների փաստը մեզ համար կարեւոր է: Հիշենք, որ նախորդ անգամ Ադրբեջանը մեզ վրա հարձակվեց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նախընտրական թոհուբոհի մեջ էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»