03-10-2024 | 18:54
Մարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։ Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Պաշտպանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախ բնակության վայրից, չափազանց կարևոր է, որպեսզի երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ շեշտել է, որ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ միջոցառումը կարող է լինել հենց այդ հնարավորություններից մեկը:
«Կարևորում եմ երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը, որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել: Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են», – ասել է Անահիտ Մանասյանը:
Իր հերթին, Քրիստինե Վայգանդը նշել է, որ երեխաների հետ երկխոսությունը դպրոցում օգտակար էր մի շարք առումներով։ «Այս տարի նշում ենք Երեխայի իրավունքների կոնվենցիայի 35-ամյակը, որի շրջանակներում անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր լինել նրանց դիտարկումներին, որը կուղենշի մեր հետագա անելիքները», – նշել է Քրիսթինե Վայգանդը:
Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։ Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Պաշտպանի աշխատակազմի, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Միջոցառման շրջանակներում երեխաները հանդես են եկել երաժշտական կատարումներով: Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը: Պաշտպանը նշել է, որ մարզային բնակավայրերում որակյան նախակրթական հաստատությունների, դպրոցների առկայությունը համայնքի զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր դերակատարություն ունի:
Քրիստինե Վայգանդն էլ ընդգծել է, որ վաղ մանկական ուսումնառությունն ամուր հիմք է դնում երեխաների ապագա կյանքի համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց զարգացնելու տարբեր ձիրքեր և պատրաստվել դպրոցին: Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքի և մարզպետարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ