
16-06-2025 | 15:15
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում դեռևս 1997 թվականից գործող և հյուրընկալության ոլորտում հսկայական փորձառություն ունեցող Apicius International School of Hospitality կրթական հաստատությունը պատրաստվում է Դիլիջան քաղաքում Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոց բացել՝ համադրելով իտալական փորձն ու հայկական ինքնատիպությունը և ստեղծելով բացառիկ կրթական միջավայր, որը կգործի այս տարվա սեպտեմբերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական հաստատության ներկայացուցիչներ՝ Մասիմո Բոկուսը և Սալվատորե Պրոկոպիոն Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում ներկայացրին Դիլիջանում բացվող Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի գործունեության մանրամասները։ Ասուլիսին մասնակցում էին նաև «Գրին ռոք» հիմնադրամի և նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան և «Գրին ռոք»-ի հաղորդակցության ղեկավար Էմմա Հակոբյանը։
Բանախոսների բնորոշմամբ՝ սեպտեմբերից Դիլիջանում բացվելիք Apicius դպրոցը կլինի առաջին միջազգային կրթօջախը տարածաշրջանում, որը մասնագիտացած կլինի հյուրընկալության կառավարում, գաստրոնոմիա, գինի և առողջ ապրելակերպի մշակույթ ուղղություններով:
««Apicius»-ը գալիս է Հայաստան՝ արդեն սեպտեմբերին իր դռները բացելու Դիլիջան քաղաքում։ Հյուրընկալության դպրոցը միտված է՝ զարգացնելու տվյալ ոլորտը։ «Գրին ռոք»-ը և «Գրին Ռոք» հիմնադրամը միտված են Դիլիջանի զարգացմանը՝ բիզնես և սոցիալական նախագծերի տեսքով, որի մաս է կազմում նաև հենց «Apicius» հյուրընկալության դպրոցը։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են կարիերա սկսել հյուրընկալության ոլորտում, կարող են համալրել դպրոցի ուսանողների շարքերը»,-ասաց «Գրին ռոք»-ի հաղորդակցության ղեկավար Էմմա Հակոբյանը։
Նա նաև հավելեց, որ կրթական հաստատությունն իր դիմորդներին առաջարկում է ակադեմիական ծրագիր, մասնագիտական զարգացման ծրագրեր, ինչպես նաև կարճ դասընթացներ այցելուների համար։ Հակոբյանի խոսքով՝ կրթությունը տևում է 2 տարի, որի ընթացքում դիմորդը կարող է ինչպես 2 տարին էլ ուսում ստանալ Դիլիջանում, այնպես էլ կարող է առաջին տարին սովորել Դիլիջանում, իսկ երկրորդ տարին՝ Ֆլորենցիայում․ «Առաջին երկու տարիների ընթացքում «Ապիցիուս Արմենիա»-ում դասավանդելու է Իտալիայից հրավիրված դասախոսական կազմը։ Դասընթացներն անցկացվելու են անգլերենով, իսկ դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները ստանալու են հավաստագիր, որն ունի նույն ուժն, ինչպես Ֆլորենցիայում ուսանելու պարագայում։ Մասնագիտական ծրագրերն են՝ ռեստորանային կառավարում, գինու մշակույթ և կայուն հյուրընկալություն»։
«Գրին ռոք» հիմնադրամի և այս նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան, ներկայացնելով բացվելիք կրթական հաստատության գործունեության մանրամասները, ընդգծեց, որ այն հանդիսանում է ոչ միայն կրթական դասընթացների հաստատություն, այլև հարթակ է՝ ձևավորելու հյուրընկալության ոլորտում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների նոր սերունդ․ «Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը դառնա միջազգային ճանաչում ունեցող կենտրոն, որտեղ իտալական փորձը և հայկական ինքնատիպությունը կհամադրվեն՝ ստեղծելով բացառիկ կրթական միջավայր: Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա: Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար»:
Կատյա Բրեդիխինայի խոսքով՝ «Գրին ռոք» հիմնադրամն ուշադրություն է կենտրոնացրել Դիլիջան քաղաքի զարգացման վրա՝ նպատակ ունենալով իր մասնակցությունն ունենալ քաղաքի արագ զարգացման գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ այս անգամ որոշում է կայացվել այդ մասնակցությունն ունենալ հյուրընկալության ոլորտի բարելավման գործում։
«Գրին ռոք» հիմնադրամի և այս նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան, ներկայացնելով բացվելիք կրթական հաստատության գործունեության մանրամասները, ընդգծեց, որ այն հանդիսանում է ոչ միայն կրթական դասընթացների հաստատություն, այլև հարթակ է՝ ձևավորելու հյուրընկալության ոլորտում բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների նոր սերունդ․ «Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը դառնա միջազգային ճանաչում ունեցող կենտրոն, որտեղ իտալական փորձը և հայկական ինքնատիպությունը կհամադրվեն՝ ստեղծելով բացառիկ կրթական միջավայր: Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա: Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար»:
www.armenpress.am