
07-02-2025 | 12:13
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Վատիկանում, տեղեկացրել է vaticannews.va-ն։
Հանդիպումը տեւել է 30 րոպե, նրանք առանձնազրույց են ունեցել, իսկ հետո ներկայացրել են հայկական պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ քրիստոնեական միասնության աջակցման գծով Պապական խորհրդի ղեկավար, կարդինալ Կուրտ Կոխը։
Կաթողիկոսին ուղեկցում էին կաթողիկոսության Միջին Արեւելքում քրիստոնեություն-իսլամ միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, վարդապետ Սարգիս Աբրահամյանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը։
Նշենք, որ Արամ Ա-ի այցը Վատիկան մեկնարկել է հունիսի 11-ին։ Նա հրավիրվել է դասախոսություն կարդալու «Կրոնի դերը աշխարհաքաղաքականությունում» թեմայով։
Վատիկան կատարած այցի ընթացքում Արամ Ա-ն կհանդիպի նաեւ Վատիկանի պետական քարտուղարի, միջեկեղեցական կապերի եւ արեւելյան կաթոլիկ եկեղեցիների բաժինների ղեկավարների հետ։