
06-02-2025 | 15:18
Հունվարի 14-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:
Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը և ուրվագծվեց հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն: Նիստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր. «Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:
www.aravot.am