08-10-2024 | 13:49
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ
Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։
«Ես արքա եմ։ Ես առյուծ եմ», – բացականչել է Միլեյը։
Երաժշտական մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ նախագահական աշխատակազմի գլխավոր քարտուղարին, որը հայտնի է որպես «շեֆ»:
Այնուհետև երկրի ղեկավարն սկսել է իր «Կապիտալիզմ, սոցիալիզմ և նեոդասական ծուղակ» գրքի շնորհանդեսը, որտեղ, ըստ ABC News-ի, նա գրում է Ավստրիական տնտեսագիտական դպրոցի առավելությունների և տնտեսական գործընթացներին պետության միջամտության վնասի մասին։
Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին, իրեն համարում է ազատականության կողմնակից և անարխո-կապիտալիստ: Նա հանդես է գալիս կառավարության նվազագույն միջամտության օգտին և խոստանում է լուծել Արգենտինայի տնտեսական խնդիրները՝ վերացնելով բյուջեի դեֆիցիտը ծախսերի կրճատման միջոցով:
Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի հետազոտողների տվյալներով՝ տարվա առաջին եռամսյակում Միլեյի կառավարության շոկային միջոցառումների ֆոնին երկրում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 55 %: Դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 49,5 %:
։