14-01-2026 | 15:50
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի համար 2025 թվականը բավական հագեցած տարի է եղել՝ առաջնախաղեր, փառատոններ, կրթական ծրագրեր և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը նշեց, որ տարվա ընթացքում հանդիսատեսի դատին հանձնված նոր ներկայացումները բավական սիրվել են ու հաջողություն են ունեցել։
«Առաջինը Check in love ներկայացումն էր, որին հաջորդել է «Անբան Հուռին» հայերենով և ռուսերենով։ Ինչպես գիտեք մեր թատրոնում ավանդույթ է դարձել, որ մանկական ներկայացումները երկլեզու լինեն։ Այնուհետև հանդիսատեսի դատին ենք հանձնել «Շեքսպերիմենտ»-ը։ Այն Շեքսպիրի սոնետների հիման վրա մի էքսպերիմենտալ ներկայացում է, որը բավական սիրվեց հանդիսատեսի կողմից»-ասաց Սուրեն Շահվերդյանը։
Թատրոնն այսքանով չի սահմանափակվել, խաղացանկը մինչև տարեվերջ ևս կհամալրի նոր ներկայացումներով՝ նախատեսված թե փոքրիկների, թե մեծերի համար։ Դեկտեմբերի 16-ին նախատեսված է Կուպրինի «Փոսը» ներկայացումը, որի ռեժիսորը Գոռ Մարգարյանն է։
Դեկտեմբերի 17-ին թատրոնը կլցվի ամանորյա շնչով՝ հրավիրելով փոքրիկ հանդիսատեսին։ Մասնավորապես, նախատեսված է «Նոր Սանտա Կլաուս» ներկայացման առաջնախաղը։ Այն լինելու է թե հայերեն, թե ռուսերեն։
Թատրոնը տարին կամփոփի «Փսիխոզ 4․48» ներկայացմամբ, որը բեմադրել է հենց Սուրեն Շահվերդյանը։ Նա հիշեց, որ այն բեմադրել է 2006 թվականի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որով տրվել է իր ռեժիսուրայի կարիերայի մեկնարկը։
«Այն դեկտեմբերի 21-ին է ներկայացվելու մի փոքր անսովոր պայմաններում։ Սա էքսպերիմենտ է ու, կարծես եզակի երևույթ, որովհետև ներկայացումը խաղալու են տնօրենի աշխատասենյակում կամ նկուղում։ Ասեմ, որ սա աշխարհում ընդունված պրակտիկա է, որը նպաստում է ներկայացմանը հանդիսատեսին մասնակից դարձնելու գործընթացին»,-ասաց Սուրեն Շահվերդյանը։
Տարին թատրոնի համար առանձնացավ նաև միջազգային փառատոնների մասնակցությամբ։ Մասնավորապես, Չեխովի միջազգային թատերական փառատոնը, որին թատրոնը մասնակցել է Գոնչարովի վեպի հիման վրա բեմադրված «Փող։ Կիրք։ Իշխանություն» ներկայացումով, Պետրոզավոդսկի ռուսական արտերկրյա թատրոնների փառատոնը՝ «Գարդենիա» ներկայացումով, «Հյուսիսային հանդիպումներ» փառատոնը՝ «Բալետի կատաղած պարուհին» մոնոներկայացումով։ Հանրապետական փառատոններին մասնակցությունը ևս եղել է թատրոնի ուշադրության կենտրոնում։
Տարվա ընթացքում նկատելի աշխատանք է տարվել թատրոնի պայմանների բարելավման ուղղությամբ։ Թատրոնն արդեն ունի ժամանակակից դահլիճ, հարմարավետ աթոռներ և հանդիսատեսը ներկայացումները կարող է վայելել ավելի լավ մթնոլորտում։
www.armenpress.am