08-10-2024 | 13:49
Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։
Հիշեցնենք, որ ս․թ․ օգոստոսի 28-ին արդբեջանցի սահմանապահները Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետից առևանգել են արցախցի երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հաղորդագրության համաձայն՝Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ, քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 283.2.3 հոդվածի (Կազմակերպված խմբի կողմից իրականացվող ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրելը) և 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի կամ պետական զինանշանի պղծում) հոդվածների հատկանիշներով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը 10-օրյա կալանք է կիրառել, ինչից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։