14-10-2024 | 14:26
Այս տարվա սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի կարճատեւ, բայց փառահեղ անկախության ողբերգական ավարտի տխուր տարելիցը: Այս հոդվածի նպատակն է լուրջ եւ մանրամասն ծրագրված մարտավարության սերմերը հայտնաբերել, որպեսզի Արցախի վերականգնումը դրվի իրական հիմքերի վրա, օգտագործելով այն բոլոր միջոցները, որ հայկական աշխարհը կարող է հայթայթել:
Մինչ վերջին բառերն էի գրում այս հոդվածի նախնական տարբերակի, ստացա եւ հետաքրքրությամբ կարդացի ամենապատշաճ հոդվածը այս թեմայի մասին, որ իմ լավ ընկերը եւ միջազգային իրավունքի փորձագետը` Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանը գրել էր «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում` «Վերուծելով արցախահայության վերադարձի օրինական տարբերակները էթնիկական զտումից մեկ տարի անց» խորագրով:
Իրավական դաշտ մտնելու հավակնություններ չունենալով՝ ուրախ էի նշմարել, որ շատ հարցերում իմ գործնական դիտարկումները որպես համայնքային ղեկավարի, համընկնում էին Գալֆայանի օրինական դիտարկումների հետ:
Ներկա հոդվածս հորդորում է հայերին ավելի առաջ տանել իրենց ջանքերը: Ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների օրինակները հուշում են, որ սոսկ փաստական, իրավական հաստատումները հաճախ գործնականում այնքան էլ արդարության վերականգնմանը չեն նպաստում:
Արցախը ոչ երազ էր, ոչ էլ պատրանք: Անկախ Արցախը վառ իրականություն էր, որ ձեռք էր բերվել 1994-ին: Այդ ժամանակվանից սկսած Արցախը մեզ բոլորիս, աշխարհասփյուռ հայերիս աննախադեպ կենսունակություն, լավատեսություն, ոգեւորություն եւ ազգային հպարտություն էր պարգեւում, որը ցավոք տեւեց ընդամենը երեք տասնամյակ: Հայաստանի անկախությունից հետո այն դարձել էր լուսատու մի փարոս հատկապես մոլորակի հայ պատանիների համար: Արցախի մասին բազմաթիվ հայրենասիրական երգեր, պարեր ու ոտանավորներ տոգորեցին Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի հայկական դպրոցների լսարանները, եւ տարբեր առիթներով կազմակերպված միջոցառումների ժամանակ ուրախության բազմաթիվ արցունքներ հոսեցին հազարավոր հայերի աչքերից:
Դա դժվար ձեռք բերված հաղթանակի, որոշ առումով՝ սրբազան պատերազմի արդյունքն էր, որին հայերս երկար դարեր սպասել էինք: Սա կարող է իդեալիստական փառաբանում թվալ, բայց այն իսկապես արտահայտում է անցյալ, 20-րդ դարաշրջանի իննսունական թվականների հայերի մտածելակերպը:
«Արցախը մերն է» կարգախոսն էր հնչում Հայաստանի փողոցներում ու հրապարակներում 1988-ի սկզբներին: Հարյուր-հազարավոր հայորդիներ իրենց բռունցքներն էին հանդուգն կերպով բարձրացնում, ոգեւորված ԽՍՀՄ-ի տարածքում ծայր առած «պերեստրոյկայի» նոր քաղաքականության տրամադրությունից:
Այդ տրամադրությունը հրդեհի նման արագ տարածում գտավ տարբեր մայրցամաքներում ապրող հայկական սփուռքի համայնքներում, որին հաջորդեց Զորի Բալայանի նման համարձակ հայորդիների այցելությունները սփյուռքի հայաշատ կենտրոններ: Այս հոդվածի հեղինակը շատ լավ հիշում է Մոնրեալում (Կանադա) իր ղեկավարությամբ եւ համայնքային ու կրոնական առաջնորդների մասնակցությամբ բողոքի հանդուգն ցույցը, որ տեղի ունեցավ ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսարանի անհրապույր շենքի առաջ, որտեղ Ղարաբաղի շարժումը սովորական «խուլիգանական» արարք որակելու հյուպատոսի նախնական թույլ ջանքերը շուտով տեղի տվեցին հանուն բազմադարյան արցախցիների արդարության եւ անկախության համար բարձրաձայնված մեր անզիջում պահանջների առաջ:
Այդ տարիների արցախյան պատմությունը լավ փաստագրված է: Արցախում 1991 թվի դեկտեմբերին տեղի ունեցած օրինական հանրաքվեից եւ ազատագրական հաղթական պատերազմից հետո, որն ավարտվեց 1994-ին հայտարարված հրադադարով, Արցախը դարձավ իրավական անկախ Հանրապետություն:
Բայց այդ ժամամանակվա միջազգային հասարակությունը խուսափեց ճանաչել այդ անկախությունը: Որոշ շրջանակների համար դեռեւս անհասկանալի էր մնում նաեւ այն, որ անկախությունը չճանաչվեց նույնիսկ անկախ Հայաստանի Հանրապետության կողմից, չնայած վերջինս եղել էր Արցախի ամենանվիրյալ դաշնակիցը եւ նույնիսկ ազատագրական պատերազմի առաջնորդը:
Այժմ ակնհայտ է, որ տարիների ընթացքում Հայաստանի հաջորդական իշխանությունների կողմից տրված զգուշավոր այդ մոտեցման բոլոր պատճառաբաությունները սխալ էին եւ ապարդյուն: Դրանք «ակնկալված մարտավարական օգուտներ» չտվեցին Արցախի դատին: Ընդհակառակը, անկախությունը պաշտպանելու այդ տատանումն ու անվճռականությունը ի վերջո հանգեցրեց այսօրվա դժբախտ ճակատագրին, երբ 120 հազար արցախցիներ 24 ժամվա ընթացքում ցեղասպանական բռնի ուժով տեղահանվեցին իրենց բնօրրանից 2023 թվի սեպտեմբերի 19-ին:
Այսօր, մեկ ամբողջ տարի այդ ողբերգությունից հետո, առկախ է մնում այն հարցը, թե ի՞նչ է սպասում Արցախին եւ արցախահայությանը: Ներկա իշխանությունների անհասկանալի լռությունն ու Հայաստանում տարբեր խմբավորումների կողմից երբեմն բարձրաձայնված ընդվզումի փորձերը իրականում անորոշության եւ անկարողության նշաններ են վերջնական ու հիմնավոր պատասխան տալու այս հարցին: Ավելորդ է ասել, որ ե՛ւ լռությունը, ե՛ւ «պոպուլիստական» պոռթկումները նման կարեւոր խնդրին չեն կարող պատշաճ լուծում տալ:
Հայերս պարտավոր ենք դիմակայել խնդիրը, եւ նախ մշակել համապատասխան մարտավարություն` հաշվի առնելով խնդրի շուրջ ստեղծված բոլոր բարդ երեւույթները եւ հետո գործադրել այն առանց տատանվելու:
Ներկայիս հստակ քաղաքականության բացակայությունը երբեմն չմտածված իրադրությունների պատճառ է դառնում:
Ասում են, օրինակ, թե իշխանության որոշ պաշտոնական ներկայացուցիչներ, երբ հարկադրված են լինում պատասխանել «անհարմար» հարցերին, բացահայտորեն ասում են, թե Արցախի հարց գոյություն չունի: Այն արդեն լուծված է: «Արցախը Ադրբեջանի մաս է կազմում»: Նման արտահայտությունը վրդովեցուցիչ է: Մի քանի տարի առաջ այն մեղադրելի էր եւ համարվում էր ամենաամոթալի ու նույնիսկ դավաճանական անարգանքը: Դժվարանում եմ հավատալ, որ նման արտահայտություններ բարձրաձայնողները խորապես հավատում են , թե ինչ են ասում: Դա վստահորեն անընդունելի պոռթկում է, որի հիմքում ընկած է քաղաքական նպատակահարմարությունը: Նման չմտածված արտահայտություններ անողներն անկասկած մի քանի տասնամյակ առաջ այն մարդկանց շարքերում էին, որոնք 1988-ին բռունցքները բարձրացրած «Արցախը մերն է» գոչում էին:
Մյուս կողմից, պետք է նշել, որ նման անարգական արտահայտությունների դեմ ընդվզողները, մինչ օրս վրդովմունքից բացի ոչ մի իրագործելի այլընտրանքային քայլ կամ տարբերակ չեն ներկայացրել: Եկեք արդար լինենք, ասելով, որ վրդովմունք արտահայտելը ո՛չ մարտավարություն է, ո՛չ էլ կարգավորում առաջնորդող որեւէ քայլ: Հավատացած եմ, որ ե՛ւ ներկա իշխանությունները, ե՛ւ աղմկարարար ընդդիմությունը գիտակցում են, որ Արցախի վերաբերյալ ամենատարբեր, երբեմն իրարից անկախ պատճառներով արտահայտված հռետորաբանությունները սոսկ վրդովմունքի արտահայտություններ են: Դրա փոխարեն, սակայն, մենք պետք է իրատեսական, դեպի առաջ գնացող ծրագիր մշակենք: Բայց դրանից առաջ մենք նախ պետք է դիմակայենք մի շարք դառը իրականություններ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ անհաղթահարելի դժվարություններ, սակայն միեւնույն է, անհրաժեշտ է անդրադառնալ դրանց, որպեսզի Արցախի վերադարձի հարցը դնենք ճիշտ ուղու վրա: Գերագույն նպատակը պետք է լինի Արցախի վերակենդանացումը եւ բնակեցումը իր օրինական տերերով, ինչպես եղել է բազում դարեր շարունակ եւ վերստին հառնել երեք տասնամյակ առաջ` 1994-ին:
Առաջին դառը իրականությունն այն է, որ Հայաստանը պարտվել է Ադրբեջանի պատերազմում: Կարծում եմ՝ պարզ է, որ պարտության պատճառներից գլխավորը հայկական վատ կազմակերպված բանակն էր, որ թշնամու դեմ կռվում էր բոլորովին անհամապատասխան զենքերով: Երկրորդ, նույնքան ցավալի իրականությունն այն է, որ Հայաստանը ձախողել է ճիշտ քաղաքականություն վարել անկախությունից հետո երեք տասնամյակների ընթացքում: Չի կարողացել օրինական ամուր հիմքերի վրա դնել Արցախցիների դատը: Չի կարողացել միջազգային հանրությանը պատշաճ ձեւով ներկայացնել իր հարազատ հողակտորի վրա ապրելու արտահայտության իրավունքը:
Խոստումնալի մարտավարության առաջին եւ կարեւոր պայմանը (որի նպատակը պետք է լինի Արցախի վերհառնումը եւ դրան հաջողությամբ հասնելու հույսի փայփայումը) պետք է լինի ուղղել եւ սրբագրել վերոնշյալ երկու բացթողումները: Եկեք, ուրեմն, առաջ գնանք ճշտելու այն ճանապարհները, որոնք կարող են Հայաստանին կոնկրետ, շոշափելի լուծումներ առաջարկել այդ հարցում:
Որպեսզի կարողանանք պարտված պետությանը հատուկ բարոյալքվածության խարանից ձերբազատվել, անհրաժեշտ է, որ հայկական բանակը էապես բարեփոխվի ինչպես վերակազմավորման, այնպես էլ ամենաարդիական պատշաճ զինատեսակներով հագեցած լինելու առումներով: Այս պարտականությունը, ինչ խոսք, բացառապես ներկա իշխանությունների ուսերին է ծանրացած: Ավելորդ է ասել, որ այն ազգային անվտանգության եւ գաղտնապահութան տեսանկյունից չափազանց զգայուն հարց է, եւ մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ իշխանությունները բացահայտեն իրենց գործողությունները կամ հաշվետու լինեն իրենց կատարած աշխատանքների համար: Սակայն մենք անշուշտ կողջունեինք այս կապակցությամբ որոշակի եւ շոշափելի քայլերը նրանց կողմից: Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ, ի վերջո, նաեւ Մ. Նահանգներից զենք ձեռք բերելու ներկայիս հաջողությամբ ընթացող դիվերսիֆիկացման գործընթացը գովելի է: Հաշվի առնելով Արեւելք-Արեւմուտք ներկա անհաշտ իրավիճակը, գտնում եմ, որ նախընտրելի այլըտնտրանքը, այնուամենայնիվ, կարող է լինի Ռուսաստանը, պայմանով, որ Ռուսաստանն էլ իր հերթին եւս փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ դառնա առաջվա մեր պատկերացումներին համապատասխան պետություն: Բացի արտաքին աղբյուրներից, Հայաստանը պարտավոր է զարգացնել զինարտադրության իր սեփական կարողությունները: Ժամանակին Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենաարդիական զինամթերքի գլխավոր մատակարարներից էր: Որպես օրինակ կարելի է նշել, որ ի սկզբանե Հայաստանը առաջավոր տեղ էր զբաղեցնում լազերային արտադրության բնագավառում: Հայաստանի անկախացումից ի վեր, նրա բոլոր կառավարությունների աններելի ձախողումը եղել է բացարձակ անտեսումը այդ ներուժի: Պետք է հասկանալ, որ Հայաստանի ռազմական վերակառուցումը անհրաժեշտ է ոչ միայն Արցախի վերադարձը ապահովելու մարտավարության համար, այլեւ բուն Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար:
Հայաստանի երկրորդ խոշոր թերությունը դիվանագիտական ոլորտի հետ է առնչվում:
Հայաստանը ցարդ չի կարողացել պատշաճ ազդեցություն ունենալ միջազգային հասարակության կարծիքի ձեւավորման վրա: Չի կարողացել պաշտպանել արցախահայության օրինական իրավունքները:
Եկեք իրատես լինենք: Այժմու պարտված Հայաստանը համառորեն հետամուտ է լինում խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ եւ դրա համար ստանում է միջազգային հասարակության աջակցությունը, մենք չենք կարող ակնկալել, որ մեր պետությունը միաժամանակ Ադրբեջանից պահանջի Արցախի վերադաձը իր օրինական տերերին:
Նման դիրքորոշում, համոզիչ փաստարկներով, Հայաստանը կարող էր եւ պարտավոր էր ստանձնել անցյալ երեսուն տարիների ընթացքում, որը, ինչպես շատերը, նաեւ տողերիս հեղինակը, քանիցս պնդել են: Իշխանությունները Արցախի անկախության իրավունքը համոզիչ կերպով պարտավոր էին ներկայացնել միջազգային այնպիսի կառույցներին, ինչպիսիք են Արդարադատության միջազգային դատարանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, օգտագործելով Կոսովոյի գերազանցապես համահունչ նախադեպը:
Այսօր ոչինչ չի փոխվել: Ո՛չ պատմական փաստերը, որոնք վկայում են, թե Արցախը դարեր շարունակ եղել է բացառապես հայաբնակ տարածք, մինչ Ադրբեջանը գոյություն անգամ չի ունեցել աշխարհի քարտեզի վրա, ո՛չ էլ Կոսովոյի հետ զուգահեռներ անցկացնելու միտումը, որին ակնկալում ենք ստանալ համազոր վերաբերմունք միջազգային ատյանների կողմից: Հետեւաբար, արցախահայությանը պետք է անմիջապես թույլատրվի վերադառնալ իր հայրենի բնօրրանը, որին էլ պետք է շնորհվի անկախ պետության բոլոր առանձնաշնորհումները:
Մեզ մնում է ամենայն պատասխանատվությամբ եւ նրբանկատորեն ճշտել այն կառույցների անունները, որոնց վստահվելու է գործադրել այս օրինական, սակայն չափազանց դժվարին առաքելությունը: Հայաստանի կառավարությունը մարտավարական առումով առնվազն ժամանակավորապես կարող է զգուշավոր լինել եւ դիվանագիտական առումով ոչինչ չձեռնարկել, բայց նա պարտավոր է այդ ամբողջ ընթացքում օժանդակել հայերին մշակելու այլնըտրանքային մի համապարփակ ծրագիր եւ այն իրականացնել ամենայն ճշգրտությամբ:
Բոլոր դեպքերում Հայաստանը երբեք չպետք է ժխտի, որ Արցախը հայկական տարածք է: Ինչպես որ Արարատն է Թուրքիայում, բայց հավիտենական հայկական է, այնպես էլ Արցախը կարող է գտնվել Ադրբեջանի տարածքում, բայց մնալ հայկական հավիտյանս հավիտենից:
Գործնական լինելու համար, սկզբնական շրջանում, Արցախի վերաբերյալ հռետորաբանությունը միջազգային ատյաններում պետք է կատարվի այնպես, որ Հայաստանի իշխանությունները երկրորդական դեր ստանձնեն եւ իրենց փոխարեն օրինական, մասնագիտացված մի կառույց, ինչպես, օրինակ՝ «Արցախի վտարանդի կառավարություն» (Artsakh Government in Exile, AGE), կամ դրա նման անունով, պետք է հիմնվի եւ սիրալիր ընդունելության արժանանա Հայաստանում: Այնուհետեւ այդ կառույցը պետք է պաշտոնապես ստանձնի Արցախի դատը պաշտպանելու գործը: «AGE»-ին պետք է տրվի մարդուժային, օրինական եւ ֆինանսական ամեն տեսակի անհրաժեշտ օժանդակություն: Եվ ամենակարեւորը՝ հայկական սփյուռքին, որ մինչ օրս գրեթե անտեսված է եղել, պետք է տալ ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն:
Քանիցս նշվել է, նաեւ տողերիս հեղինակի կողմից, որ Սփյուռքը իր աշխարհագրական տարողությամբ եւ մարդկային ու ֆինանսական ընդարձակ ռեսուրսներով լայն հնարավորություններ ունի գործելու հօգուտ հայկական հարցերի, որոնցից առաջինը Արցախի վերածնունդի հարցն է: Դա ամենաոգեւորիչն է: Բայց նման առաքելությունը լուրջ հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է, որ Սփյուռքը ներկայի ցրված, չհամակարգված վիճակից դուրս գալով՝ ստեղծի մի ամուր կառույց, որը բացառապես կզբաղվի սփյուռքի ամենատարբեր կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները համախմբելու Հայաստանի շուրջ: Կառույցը պետք է լինի պրոֆեսիոնալ, անկուսակցական, որին պետք է սատարեն Հայաստանի կառավարությունն ու սփյուռքի բոլոր ճանաչված կառույցները: Այս առումով խիստ անհրաժեշտ է վերականգնել Սփյուռքի նախարարությունը, եւ թող թույլ տրվի ինձ առաջարկել, որ այդ նախարարության կից ստեղծվի նաեւ «Հանուն Հայաստանի սփյուռքի կենտրոնական կոմիտե» (Diaspora Central Committee for Armenia), որպեսզի հնարավոր լինի միջազգային ատյաններում գործողություններ ծավալել AGE-ի եւ սփյուռքի նախարարության հետ համատեղ: Սփյուռքում տեղակայված նման մի կառույցի առավելությունն այն է, որ ամբողջովին անկախ է լինելու որեւէ օտար, դաշնակից, թե թշնամի պետության շահամոլական ճնշումներից, որոնց ծանրության տակ կքում են ներկայիս Հայաստանի իշխանությունները: Այս հոդվածի շրջանակներից դուրս է նման կառույցների արդյունավետ գործունեությունների եւ մարդկային ու ֆինանսական ռեսուրսների հայթայթման մանրամասնությունների քննարկումը:
Պարզ է, որ անկուսակցական կառույցներ լինելով, ակնկալվում է, որ ջերմագին ընդունելություն եւ աջակցություն գտնի Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունների կողմից: Գլխավոր հարցն այն է, թե կարո՞ղ ենք արդյոք որպես անհատներ եւ կազմակերպություններ (քաղաքական, կրոնական, թե հասարակական) արդյունավետ կերպով պատասխանել հայրենասիրական այս խիստ կարեւոր եւ անհրաժեշտ կոչին: Սա մեր առջեւ դրված ամենամեծ մարտահրավերն է: Չեմ ակնկալում, որ այս ծրագրի իրականացումը դյուրին է լինելու: Բայց հաջորդ մարտահրավերը ավելի լավ մի ծրագիր առաջարկելն է Արցախի կորստյան այս առաջին տխուր տարելիցի առթիվ:
Վստահ կարելի է ասել, որ Արցախը երազ չէր: Բայց թողնել, որ հարցը անցյալի գիրկն անցնի, թույլատրելի չէ մեզանից ոչ մեկին: Եկեք չմոռանանք այն օրերը, երբ բոլորս միահամուռ մեր բռունցքները հանդուգն կերպով վեր պարզած գոչում էինք՝ «Արցախը մերն է»: Ինչ-որ բան փոխվե՞լ է այդ օրերից այս կողմ:
ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ
Կանադայի պետական Օրդերի շքանշանակիր անդամ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)