25-01-2025 | 12:24
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Գրում է monumentwatch-ը:
Այս անգամ ադրբեջանական պրոպագանդան կենտրոնացել է Մերձբալթյան տարածաշրջանում՝ Լատվիայում, որտեղ արցախյան գորգերը՝ իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով ու խորհրդաբանությամբ՝ ներկայացվում են որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ։ Խոսքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» վերջերս՝ 2024 թվականի մայիսի 16-ին բացված՝ «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերը։ Իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործության մշակույթում և ունեն դարավոր պատմություն։
Ցուցահանդեսը, որը նախաձեռնվել է Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան, Ադրբեջանի «Ազերխալչա» գորգագործության ընկերության համագործակցությամբ՝ նվիրված է Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որն էլ ավելի է ընդգծում միջոցառման պետական ուղղորդվածությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Լատվիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տեղական մշակութային, սոցիալական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լատվիայում բնակվող ադրբեջանական համայնքի անդամներ։
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված ադրբեջանական գորգերի ցուցահանդեսում ներկայացված են «Ազերխալիչա» ընկերության գորգերը։ Այդ ընկերության նմուշները կրկնում են Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-երը, Սյուինիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տիպի գորգը, ինչպես նաև Շիրվանի գորգերը (Ջրաբերդ – Բերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ աշխ-ի, Ջրաբերդ գավառում։ Հիշատակվում է 6-7դդ․ դեպքերի առնչությամբ։ Գոյություն է ունեցել մինչև 19դ․ առաջին տասնամյակը (Hakobyan T., Melik-Bakhshyan St., Barsegyan H., Dictionary of Toponymy of Armenia and Adjacent Territories, vol. 4, Yerevan, 1998, p.417)։ Նշանավոր գորգագործական կենտրոններից է 16-17դդ․, որտեղ ծագել է «Ջրաբերդ» տիպի «Արծվագորգը»)։
«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է (նկ. 1, 2)։ Այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, զրահադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշմիջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22։ Ցուցադրության մեջ այս գորգերը վերանվանվել են Chalabi կամ Chelebi)։
Լատվիայի ցուցադրության ձիավորներով, եղնիկներով, գիշատիչ կենդանակերպ պատկերներով գորգը (նկ. 3) հիշեցնում է Շիրվանի ու Դաղստանի նմանատիպ գորգերը և համեմատական զուգահեռներ ունի Իրանի Qashgai քոչվոր ցեղախմբի գորգերի հետ (Jourdan Uwe, Persische Teppiche, Augsburg, 1995, s. 188-189:) ։
Մինչ սեպտեմբերի 15-ը ընթացքող այս ցուցադրությունը ոչ միայն հայկականից յուրացված արվեստի նմուշների ցուցադրություն է, այլ քաղաքական խորը ենթատեքտ ունեցող միջոցառում, որի հեռահար նպատակը պատմության վերաշարադրումն է, ԼՂ տարածաշրջանի հայկական ինքնությունն ու ժառանգությունը ջնջելը, և այդ ամենի միջազգային ամրագրումը։ Այն էական մտահոգություններ է առաջացնում նաև մշակութային ժառանգության պահպանման և ցուցահանդեսի էթիկական հետևանքների վերաբերյալ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը՝ Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլնուր Սուլթանովն ընդգծելով Ադրբեջանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի պատմական նշանակությունը, արցախյան տիպիկ զարդանախշերով գորգերը Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն է համարել՝ հիշեցնելով, որ ադրբեջանական գորգագործությունը, 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Խոսքն այն նույն ցանկի մասին է, որում ընդգրկված «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը»՝ հայկական նմուշների իսպառ ոչնչացման գործին է լծված հենց Ադրբեջանը, ոչնչացնելով արցախյան բազմաթիվ պատամական ու ժամանակակից խաչքարեր։
Վերադառնալով ցուցահանդեսին, հարկ է նշել, որ դրա հիմնական ցուցանմուշները Ադրբեջանի Ազերխալչա (Azerkhalcha/Azərxalça) ընկերության արտադրանքն են, որը միակ գորգ արտադրողն է Ադրբեջանում: Իսկ դա ցուցիչն է այն բանի, որ գործարանի կողմից ստեղծված՝արցախյան զարդանախշերի կրկնօրինակներով հավաքածուներիի ստեղծումը ուղղորդված է, մենաշնորհային և պետական հովանավորչությամբ։
Էլ ավելի վտանգավոր է այն, որ ցուցահանդեսը նաև կրթական ծրագրերի միջոցով հայկական ջնջելու միտում ունի, որի ապացույցը մայիսի 29-ին նույն թանգարանի ցուցադրության տարածքում տեղի է ունեցած գիտական լսումներ և դասախոսւթյուններն են , որի ընթացքում Տիկին Վիյա Բուշան, ով Ադրբեջանում Լատվիայի դեսպանության խորհրդական է, (Ms. Vija Buša- The current Deputy Head of Mission at the Embassy of Latvia in Azerbaijan), կարդացել է դասախոսություն՝ ներկայացնելով Շուշին որպես Ադրբեջանի դարավոր մշակութային մայրաքաղաք։ Դասախոսության առանցքում է եղել նաև լատվիացի նկարիչ և ազգագրագետ Յուլիա Շտրաումեի գործունեության վերաբերյալ հետազոտության ներկայացումը: Հարկ է նշել, որ Տիկին Բուշայի գործունեությունը չի սահմանափակվում այս ցուցահանդեսի կազմակերպման դիվանագիտական խորհրդատվությամբ, այլ ընդգրկում է Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրին աջակցությունը և այն որպես ադրբեջանական ներկայացնելը։