
28-09-2023 | 16:23
Իշխանությունները սովորություն ունեն իրենց խոսքից հետ կանգնելու։ Ես անկեղծորեն չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում, ուզո՞ւմ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, թե ոչ, շտապո՞ւմ է, թե ոչ։ Որոշ քաղաքական գործիչներ ասում են՝ երբեք չի ստորագրելու, մյուսները թե՝ ուզում է օր առաջ ստորագրել. ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Դիվանագետի կարծիքով՝ Փաշինյանի համար խաղաղության պայմանագիրն ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետւ այն որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Այն ոճը, այն բառապաշարը, որն օգտագործում է Փաշինյանը, և այն, թե բանակցություններն ինչպես են ընթանում, պատերազմի վտանգը մեծացնում է։
«Եթե դու հակառակորդի ակնկալիքն ես բարձրացնում, բայց դա չես անում, վերջ ի վերջո դա հանգեցնելու է գործողությունների։ Եթե խոստացել ես, բայց չես անում։
Ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, որ մենք այսօրվա բանակցությունների մոտեցումը, նարատիվը փոխենք, դա էապես նվազեցնելու է պատերազմի հավանականությունը։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Ես անընդհատ սա ասելու եմ։
Երեկ լսել եմ Արայիկ Հարությունյանի կոչը՝ ուղղված աշխարհին, հայ ժողովրդին։ Անկեղծորեն, ես կուզենայի լսել նաև հետևյալը՝ կոչ ՀՀ իշխանություններին՝ հետ վերցնել Փաշինյանի պրահյան հայտարարությունը, որը մեծ աղետներ է գործում։
Այսօր Լաչինի միջանցքի փակ լինելը, Արցախի շրջափակումը պայմանավորված է հենց այդ պրահյան հայտարարությամբ»,- ասաց Օսկանյանը։