08-10-2024 | 13:49
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 5-ին կայացած համերգից հետո, մայիսի 13-17-ը համերգներ ունեցան նաեւ Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում, Գորիսում։ Մարզային այս համերգաշարը ծրագրված էր իրականացնել 2023թ. սեպտեմբերին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակներում, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այն չեղարկվել էր։
Սերգեյ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ նրան հիշեցրինք իր հավաստիացումը, թե ամեն ինչ կանի, որպեսզի մարզային համերգները շարունակական լինեն, որ մարզերի մշակութային կյանքի ակտիվությունը պետք է հայ արտիստների առաքելությունը լինի։
Մեր զրուցակիցը պատասխանեց, թե ինքը գիտակցում է, որ համերգներով որեւէ խնդիր լուրջ լուծում չի ստանում, դրանք ընդամենը դրական կաթիլ են օվկիանոսում, իսկ ցանկացած խնդրի լուծում տեսնում է ամենօրյա տքնաջան աշխատանքի մեջ։ Ապա որոշ պաուզայից հետո ցնցող հետեւյալ միտքն արտահայտեց. «Իրականում դա տեսնում եմ ջութակի դպրոց հիմնելով, ինչը կա իմ ծրագրերում։ Այս գործն, իհարկե, պահանջում է անմնացորդ նվիրում եւ ֆինանսական լուրջ ներդրում։ Ցավոք, մենակատարի կարգավիճակս հասկանալի պատճառով թույլ չի տալիս, առայժմ…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ