08-10-2024 | 13:49
Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը հայտարարել է, որ կկառուցի Տիտանիկի՝ հայտնի օվկիանոսային նավի կրկնօրինակը, որը խորտակվել է իր առաջին նավարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Փալմերը հաշվարկել է, որ նոր «Տիտանիկը» իր վրա կարժենա 500-ից 1 միլիարդ ավստրալական դոլար: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, նավը կգործարկվի 2027 թվականի հունիսին։ Դրանից հետո միլիարդատերը խոստացել է կրկնել Սաութհեմփթոնից Նյու Յորք ճակատագրական նավարկությունը՝ 1912 թվականին այն ավարտվեց այսբերգի հետ բախմամբ։
Փալմերը, ով պատրաստվում է դառնալ 70 տարեկան, կարծում է, որ վատնել է իր կյանքը: «Դրա համար ես ուզում եմ «Տիտանիկ» սարքել։ Ես դա կանեմ: Ավելի զվարճալի է «Տիտանիկ» սարքել, քան տանը նստել և փող հաշվել»,- ասել է նա:
Նախկինում միլիարդատերն արդեն նոր Տիտանիկ կառուցելու փորձեր է արել։ Այդ մտադրության մասին նա առաջին անգամ հայտարարել է մոտ տասը տարի առաջ։ 2015 թվականին նախագծի աշխատանքները դադարեցվել են կապալառուի հետ վեճի պատճառով։ 2018-ին Փալմերը խոստացել էր ավարտել շինարարությունը մինչև 2022 թվականը, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: Այս անգամ ուշացման պատճառը, նրա խոսքով, COVID-19 համաճարակն է։