15-10-2024 | 12:24
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի նոր սկանդալային գրառումը X միկրոբլոգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կացն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արած հայտարարությանը. «Արևմուտքն Իսրայելի մեղսակիցն է, այն չի թաքցնում իր աջակցությունը, ընդհակառակը, նրանք անընդհատ ծափահարում են մարդասպաններին»։
Ի պատասխան Կացը գրել է. «Հակասեմական բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հարձակվել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների վրա՝ նշելով, որ նրանք պատանդ են Իսրայելի սիոնիստների ձեռքին: Էրդողա՛ն, պատանդները Թուրքիայի քաղաքացիներն են, որոնք ապրում են բռնապետության մեջ»։
Նա նաև անդրադարձել է Թուրքիայում Instagram-ի արգելափակման հարցին։
«Դուք արգելափակել եք Instagram-ը 57 միլիոն օգտատերերի համար, բայց անձամբ ձեր էջն ունի մուտք դեպի Instagram: Ինչքան էլ իմ դեմ հարձակումներ լինեն, ես կշարունակեմ ճշմարտությունը բացահայտել Թուրքիայի ժողովրդին և ամբողջ աշխարհին։ Այն առաջնորդը, ով աջակցում է ՀԱՄԱՍ-ին և ճնշում իր ժողովրդին, բռնապետ է»։
Ավելի վաղ նա արձագանքել էր Էրդողանի՝ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ» հայտարարությանը՝ նշելով. «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում և դա ինչպես ավարտվեց»: