
22-09-2023 | 20:53
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ու բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանն այսօր վաղ առավոտվից ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկօրյա հացադուլ են հայտարարել: Հացադուլը կրում է «Կանայք հանուն Արցախի» պայմանական խորագիրը: Հասմիկ Սիմոնյանի խոսքով` մեկօրյա հացադուլը նման իրավիճակներում ընդունված պրակտիկա է:
— Հասմիկ, ինչպե՞ս ծագեց նման ակցիա իրականացնելու գաղափարը:
— Ես ու Անուշ Սեդրակյանը վաղ առավոտից սկսել ենք հացադուլ: Շարունակելու ենք մինչև վերջ:
— Եղե՞լ են ձեզ միացողներ:
— Սա մեր երկուսի նախաձեռնությունն է, մենք ուզում ենք, որ այն շարունակական լինի: Չենք ուզում, որ այն մեզանով վերջանա: Այո, կան մարդիկ, որոնք եկել են ու ցանկանում են մեզ միանալ, շարունակել հացադուլը:
— Ո՞րն է ակցիայի նպատակը:
— Ակցիայի նպատակը մեկն է` աջակցել Արցախին:
— ՄԱԿ-ի գրասենյակից արձագանք չի՞ եղել:
— Զուտ հարցուփորձի իմաստով եղել է, սակայն կոնկրետ քննարկումներ դեռևս չեն եղել:
— Դուք բավականին մտահոգ եք, սակայն Ձեր գրող, գրականագետ ընկերներից շատերն այնքան անտարբեր են, տպավորություն է, թե նրանց ոչինչ չի հետաքրքրում այս կյանքում՝ իրենց գրքերից բացի:
— Ես պատասխանատու եմ միայն ինձ համար: Այդ հարցը պետք է տաք իրենց: Բավականին բարդ հարց է:
— Չկա՞ն գրողներ, որոնք պատրաստվում են միանալ Ձեզ:
— Քանի որ այս ակցիան կոչվում է` «Կանայք հանուն Արցախի», ցանկալի է, որ մեզ միանան կին գրողներ: Գուցե շատերը դեռ անտեղյակ են: Կարող են տեղեկանալ և միանալ մեզ: Այս պահին մեզ միացել է արցախցի բանաստեղծ Հերմինե Ավագյանը: Էլի կան մարդիկ, որոնք մեզ հետ են, պարբերաբար գալիս են, գնում են:
— Կարո՞ղ են ակցիային միանալ նաև այն կանայք, որոնք կապ չունեն մշակույթի հետ:
— Այո, իհարկե: Անուշ Սեդրակյանն էր գրել իր էջում այս ակցիայի մասին, ես որոշեցի միանալ նրան:
— Արցախում տիրող այս օրհասական վիճակին ի՞նչ գնահատական կտաք:
— Շատ դժվար է…. փորձում ենք ապրումակցել, բայց ուրիշ է, երբ ապրում ես Հայաստանում` երևանյան իրականության մեջ ու ասում ես, որ ապրումակցում ես: Այս ակցիան մխիթարանք է առաջին հերթին մեզ համար: Արցախը մենակ չէ: Պետք է ցուց տանք մեր աջակցությունը….
— Իսկ վաղը շարունակվելո՞ւ է ակցիան:
— Այո, կշարունակվի: Մեկօրյա խորհրդանշական հացադուլ է սա, աշխարհում տարածված նման պրակտիկա կա: Վաղը մեզ փոխարինելու են այլ մարդիկ, գուցե երկու-երեք օրից նորից մենք իրականացնենք ակցիան:
— Վաղն ովքե՞ր են փոխարինելու ձեզ:
— Վաղը մեզ կփոխարինեն Անուշ Սեդրակյանի ուսանողուհին և արցախցի բանաստեղծ Հերմինե Ավագյանը:
«Հրապարակ»