15-10-2024 | 12:24
Եթե ստորագրվում է փաստաթուղթ, որը բաղկացած է 9 կետերից՝ նշանակում է, որ այդ փաստաթուղթը մի ամբողջականություն է, որի կետերը փոխկապակցված են: Դա կարելի է ցույց տալ պարզունակ օրինակով: Մեր միջեւ կա պայմանագիր, որ դու ինձ տալիս ես 2 կիլոգրամ խնձոր, իսկ ես քեզ՝ 1000 դրամ:
Բայց եթե դու ինձ չես տվել պայմանավորված խնձորը, ապա իրավունք չունես պահանջելու դրամը: Նույնը, բնականաբար, միջազգային փաստաթղթերում: Ռուսական կողմը տապալել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրեն վերաբերող կետերը՝ թույլ է տվել Լաչինի միջանցքի փակումը, չի ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը:
Իսկ հիմա ՌԴ արտգործնախարար Լավրովը հանկարծ հիշել է նույն եռակողմ հայտարարությունը եւ հարցնում է՝ բա ինչ եղավ Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհի ապաշրջափակումը, որը նախատեսված է հայտարարության 9-րդ կետով: Փորձառու դիվանագետ լինելով, նա, իհարկե, շատ լավ գիտի, որ եթե չեն գործում մնացած կետերը, ապա չի կարող գործել նաեւ 9-րդ կետը:
Պարզապես նրան պետք էր Բաքվում Հայաստանի վրա «մուննաթ գալ»՝ «սաբոտաժ են անում»:
Ես, իհարկե, ՀՀ իշխանությունների փաստաբանը չեմ, բայց տվյալ դեպքում կարող եմ ասել՝ լավ են անում, եւ այդ առումով համաձայն եմ նաեւ մեր ԱԳՆ-ի հայտարարության հետ: Դեկտեմբերի 9-ի փաստաթուղթն այլեւս ոչ իրավական, ոչ քաղաքական առումով գոյություն չունի: Դա արդեն պատմություն է:
Ուրիշ հարց, որ մեր դիվանագիտության եւ, մեծ հաշվով, պետության խեղճությունը նրանում է, որ այդ խնդիրը, այսինքն՝ մեր երկրի տարածքով կոմունիկացիաների հարցը քննարկվում է առանց մեզ: Ինձ թվում է, հիմա կարեւորագույն խնդիր պետք է լինի՝ ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ այդ հարցը կկարողանան քննարկել բոլոր շահագրգիռ կողմերը (իհարկե, Ռուսաստանը ներառյալ):
Բայց դա առանձին խնդիր է, եւ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության հետ որեւէ կապ չունի: Այդ փաստաթղթի մասին կարելի է մոռանալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ