04-12-2024 | 21:56
Դրանց «անզգայացումը» ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանություններին «Ինչո՞ւ է իմ կենդանի մարմինն ավելի իրական, բանական ու սրբազան, քան իմ ժողովրդի մարմինը: Կասեն, որ ժողովրդական մարմինը, ինչպես եւ ժողովրդական ոգին, ընդհանրապես գոյություն չունի, որ հասարակական, հավաքական օրգանիզմը միայն փոխաբերություն է՝ առանձին մարդկանց հանրագումարն արտահայտելու համար:
Բայց չէ՞ որ այդպիսի, բացարձակապես մեխանիկական տեսանկյունից պետք է գնալ ավելի հեռուն. Իրականում չկա նաեւ անհատական օրգանիզմ եւ անհատական հոգի, այլ գոյություն ունի միայն տարրական նյութական միավորների զուգորդում»: Այդ միտքը 19-րդ դարի վերջում արտահայտել է ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը:
Իսկապես, եթե ընդունում ենք, որ գոյություն ունի ձեւ (փիլիսոփայական իմաստով), միասնականություն, ամբողջականություն անհատական մակարդակի վրա, ապա պետք է ընդունենք, որ այն կա ավելի բարձր մակարդակներում՝ ընտանիք, ազգ, մարդկություն: Եվ եթե դա ճիշտ է, ապա հպարտությունն ու նսեմացումը, հաջողությունն ու տապալումը վերաբերում են ոչ միայն անհատին, այլեւ անհատների այս կամ այն խմբերին:
Մենք ասում ենք, օրինակ, «ընտանիքը մեծ կորուստ է ունեցել» կամ՝ «ընտանիքը ցավ է ապրում»: Արդյո՞ք դա «փոխաբերություն» է: Եթե ոչ, ապա նույնը կարելի է ասել նաեւ ազգի մասին:
Հայաստանում պաշտոնական քարոզչությունը փորձում է համոզել, որ ազգային զգացմունքներ, ցավեր գոյություն չունեն, եւ եթե դրա մասին նույնիսկ խոսվում է, ապա դրանք խաբկանք են, սուտ են, պատրանք: Փոխաբերություն, մի խոսքով: Ի՞նչը այդ դեպքում կարող է մարդկանց միավորել: Թե՞ նման բան էլ պետք չի: Ամեն մեկը քաշվում է իր անկյունը եւ վայելում է իրեն բաժին հասած նյութական բարիքները:
Եվ որպեսզի մեկը մյուսի բարիքներին վնաս չտա, նրանց մեջ պետք է լինեն պայմանագրային հարաբերությունները: Անշուշտ, դրանք անհրաժեշտ են: Բայց ի՞նչն է ավելի ուժեղ՝ «պայմանագիրը» (ասենք, բիզնեսում), թե՞ լոյալությունը, որը պայմանավորված է մեկ ընտանիքին պատկանելիությամբ:
Ընտանիքին՝ լայն իմաստով: «Պայմանագիրը» ժամանակավոր է, կարող է խզվել, բայց երբ դու ընդունում ես քո խմբի շահերը որպես քո սեփականը, դա փոխում է իրավիճակը: Վարձու, «պայմանագրային» զինվորը կարող է անցնել հակառակորդի կողմը՝ ավելի լավ վարձատրության դեպքում:
Ազգային բանակի զինվորը (19-րդ դարից, Նապոլեոնի պատերազմներից սկսած) շատ ավելի ուժեղ մոտիվացիա ունի: Ինչո՞ւ է ներկայիս իշխանությունը պարբերաբար հարձակվում ազգային խորհրդանիշների, արժեքների վրա՝ Մասիս սարի, Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ զինանշանի, վերջերս էլ՝ խաչքարների վրա:
Հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ ազգ, որպես մարդկանց համախումբ, իրականում գոյություն չունի, դա ընդամենը «փոխաբերություն» է: Որ գոյություն ունի միայն մեր «էգոն»՝ մեր մարմնական հաճույքներով: Ինչի՞ համար է դա արվում, պարզ է՝ իշխանությունը պահելու համար. եթե մարդիկ Հայաստանում հիմա տանեն ազգային տրավմա, զգան ազգային նվաստացում, ապա նրանք չեն հանդուրժի այս իշխանությունը, որը ստեղծված իրավիճակի պատճառն է:
Իսկ այսպես՝ պառակտված, անհատականացված, «անզգայացած» վիճակում կարելի է առայժմ շարունակել իշխել: Եվ հանկարծ չմտածե՛ք, որ մենք 10 միլիոն ենք, հանկարծ չզգա՛ք, որ մեծ թիմի անդամ եք: Ընդհանրապես մոռացե՛ք, որ Հայաստանից դուրս հայեր կան, որոնք նույնպես ազգային զգացմունքներ ունեն:
Իշխանության այս ամբողջ քարոզչությունը, եկեք ճշմարտությանը բաց աչքերով նայենք, այս պահին չափազանց արդյունավետ է ու լվանում է հարյուր հազարավոր մարդկանց ուղեղը:
…2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես ամեն առավոտ արթնանում եմ ամոթի զգացողությումբ: Եվ այդ զգացմունքը կապ չունի իմ անհատական հանգամանքների հետ: Դա ազգային ամոթ է, ազգային խայտառակություն, անպատվություն: Մյուս կողմից՝ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն այս զգացողությունը չի կիսում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ