03-11-2024 | 20:15
Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին։ Նախագծին դեմ է քվեարկել 56 պատգամավոր, կողմ՝ 28։
Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ նախագծին դեմ են քվեարկելու, քանի որ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հիմնավորումները փաստարկված չէին։
«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կառավարող խմբակցությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ է ներդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության պայմանների ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ և դրանք շարունակվում են։ Եվ մեր հանրությունը ամենօրյա ռեժիմով դա տեսնում է։
Կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ՝ գտնելու այն փաստերը և տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված։ Մենք՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատել խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ձևաչափերում, այդ թվում՝ հանձնաժողովներում, ինչու չէ նաև աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտություն լինի։ Երեկ լսելով հիմնական զեկուցողին՝ չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՞ւ է պետք այդ հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները բավականաչափ փաստարկված չէին և, հետևաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է հրաժարվել սահմանադրական իր պարտականությունների կատարումից, որի առաքելություններից մեկն է խորհրդարանական վերահսկողական գործառույթների իրականացումը։
«Այն, ինչ մենք լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը պառլամենտի վերահսկողական գործառույթի իրականացումն է։ Եվ, եթե երեկ բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում, որ փաստարկված չէ։ Այն, որ հսկայական միջոցները, այդ թվում՝ սփյուռքից ու նաև միջազգային կազմակերպություններից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար, և պառլամենտը ունի ու պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, այս հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը պետք է լիներ։ Եթե դուք չեք մասնակցելու, նշանակում է դուք տորպեդահարում եք և հրաժարվում եք սահմանադրական ձեր պարտականություններից»,- նշեց Մինասյանը։
Տեղեկատվությունը՝ armenpress.am