
13-02-2025 | 09:46
Չնայած ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին շտապեց Ալիեւի հաղթանակը շնորհավորող ղեկավարների շարքում առաջին տեղերից մեկն զբաղեցնել, սակայն գերադասեց վերընտրված նախագահին իր շնորհավորական ուղերձը հանձնել Բաքվում Իրանի դեսպանության միջնորդությամբ, որի մասին տեղեկանում ենք Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության պաշտոնական հաղորդագրությունից, որտեղ ասված է՝
«ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Իլհանմ Ալիեւին եւ հույս հայտնել, որ վերջինիս նախագահության նոր շրջանում երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունների մակարդակի բարձրացման ականատեսը կլինի»։
Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների մասին իրանական մամուլի սուղ արձագանքները սահմանափակվում են ընդամենը պաշտոնական հաղորդագրությունների նեղ շրջանակի մեջ եւ զսպվածություն են դրսեւորւմ կեղծիքների մասին բացահայտ տեսակետներ հայտնելու հարցում։ Առանց հարակից մեկնաբանությունների, կեղծված ու խեղաթյուրված ընտրությունների փաստն է արձանագրել իրանական «East Policy News» լրատվական գործակալությունը, ընդամենը վկայակոչելով սաուդական «Al Jazirah» թերթի գնահատականներն առ այն, որ 62 ամյա Ալիեւն ընտրվել է ոչ մրցակցային պայմաններում։
Ադրբեջանական ընտրությունների մասին իրանական մամուլի սուղ արձագանքների պայմաններում «iranjan diplomacy»-ի հրապարակած վերլուծականը, որը պատկանում է ազգությամբ քուրդ քաղաքական ակտիվիստ, քաղաքական գործունեությունների համար քանիցս ձերբակալված Սալահ էդ-Դին Խադիվի գրչին, բազմաբովանդակ ու ուշագրավ է։
«Բաքվի Կառլեոնեի հինդերորդ հաղթանակը» վերտառությամբ իրանցի քաղաքական մեկնաբան Խադիվի հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ամբողջությամբ։
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ՆԱՎԹԱՅԻՆ ԲՌՆԱՊԵՏԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՆՄՈՒՇ
«Իլհամ Ալիեւի հինգերորդ հաղթանակ» հորջորջումով հայտնի ընտրությունները կարծես դոկտոր Ջեքիլի ու միսթր Հայդի համակարգչային խաղի կրկնօրինակը լիներ, որտեղ իրադարձությունները պտտվում էին այդ երկու հերոսների շուջը, այն տարբերությամբ, որ երկու պերսոնաժներն էլ ներկայանում են մի անձի կերպարով, որտեղ Հայդը կարծես դոկտոր Ջեքիլի միջից դուրս եկած ու կերպարանափոխված անձ լիներ։
Մի քանի տարի առաջ գաղտնազերծված վիքիլիքսյան փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Բաքվում տվյալ ժամանակի ԱՄՆ դեսպանը Ալիեւին համեմատել է Դոն Մայքլ Կոռլեոնեի հետ, ով «Կնքահայր» կինոնկարում հանդես էր գալիս սիցիլական մաֆիայի համակարգում հոր աթոռին բազմած կերպարի դերում։
Կոռումպացված ու բռնակալ օլիգարխիկ ընտանիքի գլուխը կանգնած Իլհամ Ալիեւը դասվում է արեւմտամետ միապետերի շարքին։ Ժամանակակից հագուկապն ու հարդարանքը, ինչպես նաեւ անգլերենին տիրապետելու առավելությունը, նրան արժանացրել է «պիժոն բռնակալի» տիտղոսի, ում հռետորաբանությունը զերծ է հակաարեւմտյան պիտակավորումներից ու խոսքի աղճատումից։
Նրա ամենաարժեքավոր ունեցվածքն անշուշտ, նավթի ու գազի հսկայական պաշարներն են, որոնք շռայլորեն հոսում են դեպի Արեւմուտք ու Իսրայել։ Այդ առավելությունների շնորհիվ էլ Արեւմուտքը հաճախ անտեսում է Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական բռնաճնշումներն ու կոռուպցիոն դրսեւորումները։
Հեյդար Ալիեւի ժամանակների համեմատությամբ, Իլհամի Ադրբեջանն ավելի անողոքաբար է պայքար մղում ազատ մամուլի ու քննադատությունների դեմ։ Այլ կերպ ասած, ներկայիս Ադրբեջանը աշխարհի մակարդակով մամուլի ազատության սանդղակի ամենացածր տեղերից մեկն է զբաղեցնում։
Ալիեւի արեւմտամետությունը զուգորդվում է արեւլամետության հետ։ Նրան դուր է գալիս կառավարման պուտինյան եղանակը, եւ նրա օրինակով Արեւմուտքի քաղաքացիական ինստիտուտների ու մարդու իրավունքների պաշտապնությամբ զբաղվող կառույցների նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում՝ նրաց մեղադրելով երկրի ներքին գործերին միջամտելու եւ դիվերսիաներ կազմակերպելու մեջ։
Նախկին Խորհրդային Միությունից մնացած բոլոր մահմեդական հանրապետությունները կլանային բռնապետությունների վերածվելու առումով մեծ ներուժ ունե։ Դրանցում ազգաշինության եւ ազգային ինքնության հաստատման գործընթացը փոխկապակցված է իշխանության եւ իշխող կլանային օլիգարխիայի ավտորիտար բնույթի հետ։
Ալիեւի ընտանիքը 1969 թվականից Ադրբեջանում զբաղեցրել է երկրի գործադիր մարմնի ղեկավարի տարբեր պաշտոններ։ Իլհամի հայրը՝ Հեյդարը, որպես ուղղադավան կոմունիստ, 1983-ին ստանձնեց Խորհրդային Միության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Խորհրդային կայսրության 70-ամյա պատմության ընթացքում սա մահմեդական գործչի համար աննախադեպ առաջխաղացում էր։
Ալիեւը, որ Խորհրդային Միության գոյության վերջին տասնամյակում երկրի նամենկլատուրային համակարգի հիմնական օղակներից էր, չէր մոռանում նաեւ զբաղվել տնտեսական գործունեությամբ ու ունեցվածքի կուտակումով։ Բրեժնեվյան շրջանի կոռուպցիայի ամենաահյտնի թղթածրարներից մեկը վերաբերում էր հենց ավագ Ալիեւին, որին, սակայն ընթացք չտրվեց։
1991 թվականի Ադրբեջանի անկախացման ժամանակ, Հեյդար Ալիեւը ինքնակամ մեկուսացել էր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում։ Անկախ Ադրբեջանի երերուն կյանքի առաջին երկու տարիների «գայլերի խաղի» ավարտից հետո, նա որպես փրկիչ վերադարձավ Բաքու եւ զավթեց իշխանությունը։
Այդ ժամանակից ի վեր իշխանությունը գտնվում է Ալիեւների ընտանիքի ձեռքում, իսկ պետական պատմագրության մեջ Հեյդար Ալիեւը պաշտոնապես հռչակվել է որպես «ազգի հայր»։
Ղարաբաղյան հակամարտությունը, որը երկրի տարածքային ամբողջականության պահպանման հարցում ժողովրդի մոտ ազգային տրամադրություններ բորբոքելու եւ զգայունություն առաջացնելու պատճառ էր դարձել, օգնեց իշխանությանը հասարակության մեջ, որպես ազգային ինքնության գիտակցում, ներարկել «պանադրբեջանիզմի» տարրերը։
Իլհամ Ալիեւի օրոք Բաքվի ու Անկարայի հարաբերությունների աննախադեպ մերձեցման պատճառով, շրջանառության մեջ դրվեց «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը։
Քրդական արմատներով Ալիեւների գերդաստանում տիրող քաղաքական կոնյունկտուրայի ու ռուսական գերիշխող մշակույթի ուսումնասիրությունը ամրապնդում է այն ենթադրությունը, որ պանթուրքիզմի հետ նրանց առնչությունը շահադիտական է եւ կապ չունի ինտելեկտուալ ու մշակութային շարժառիթների հետ:
«Մեկ ազգ, երկու պետություն» ձեւակերպումը, Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված «Մեկ երկիր, երկու համակարգ» բանաձեւի թուրքական «նոսրացված» տարբերակն է, որը Թայվանի ու Հոնկ կոնգի հետ տարածքային միասնությունն ապահովելու նպատակ է հետապնդում։
Թուրքերն օգտվում են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից ու ռազմավարական խորությունից, եւ ստանալով Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ալիեւները կարողանում են երաշխավորել իրենց գերդաստանի իշխանության հարատեւությունն ու ճնշում գործադրել պատմականորեն մրցակցության մեջ գտնվող Հայաստանի վրա։ Ղարաբաղի ինքնավարության լուծարումը, Նախիջեւանի Հանրապետությունը բուն Ադրբեջանի հետ միավորելու եւ կենտրոնամետ քաղաքացիության համակարգի ներդրման ձգտումները վերջին տարիներին ավելի են ակնհայտ դարձել, ինչը հավանաբար Էրդողանի հետ շփումների ու թուրքիայի քաղաքական համակարգից ներշնչվելու արդյունք է։
Ամփոփելով, նշենք, որ Իլհամ Ալիեւը նավթային բռնապետերի նորագույն նմուշներից է, ով կարողացել է լավագույնս կարգավորել իր արտաքին հարաբերությունները եւ նավթի ու գազի օգնությամբ խուսափել քաղաքական ինստիտուտների ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների քննադատությունից։
Կկարողանա՞ արդյոք Բաքվի նավթային բռնապետը Պարսից ծոցի արաբական երկրների նման հաշվենկատ քաղաքականություն որդեգրել։ Դժվար է պատասխանել այդ հարցին։ Սակայն ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ նկատի ունենալով հարեւանների հետ Բաքվի ակտիվ հակամարտություններն ու որոշակի տարածքային հավակնությունները, որոնք կապված են իշխանության լեգիտիմության հետ, դրա իրագործումը քիչ հավանական է դարձնում։
Գրիգոր Առաքելյան
Azg.am