07-12-2024 | 18:19
Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման, հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 16-ին Բաքվում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թվով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես, ինձ հյուրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրավունքների հարցերին, բայց եթե դա անեմ՝ հաճոյախոսություն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք՝ պետք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք։ Եվ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր»:
Արդեն Վաշինգտոն վերադառնալուց հետո՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրավիրված մամուլի ասուլիսին կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների լայնածավալ վատթարացումների և COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգությանը վերաբերող սպառնալիքների վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ սենատոր Մարքին բավական կոպիտ է արտահայտվել. «Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորի էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ և բարեխիղճ բանակցություններ վարի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին հասնելու համար, որը կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը և միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»: Իր հերթին Ֆրենք Փալոնը նկատել է ալիևամետ «ցուցարարների կամ ավազակների» կրկնվող և «սինխրոնիզացված» ջանքերը՝ հարձակվելու իր վրա՝ Արցախի ինքնորոշմանը բացահայտ աջակցության համար։ «Եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգության աշխատակիցները, ես հիվանդանոցում կհայտնվեի։ Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել: Դա շատ լուրջ էր»։ Սենատոր Մարքին համաձայնել է՝ նշելով. «Ինչպես Ֆրենք Փալոնը, ես նույնպես զգացի՝ պետք է միշտ ինձ հետ թիկնապահ ունենամ: Նույնիսկ՝ հյուրանոցի նախասրահում, նույնիսկ՝ իմ սենյակ բարձրանալիս»։ Փալոնը նաև հայտարարել է, որ համաժողովից մի քանի օր առաջ նախագահ Ալիևը սկսեց հարձակվել ֆրանսիացիների վրա, սկսեց հարձակվել հոլանդացիների վրա այն աստիճան, որ նրանք նույնիսկ չեկան կոնֆերանսին։ Փալոնը, որին Ադրբեջանի իշխանություններն արգելել էին Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպել Ալիևի հետ, նշել է․ «Ինձ և սենատոր Մարքիին խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն բարեփոխումների և նրանց արժանապատվության, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով: Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության, հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»: Մեկնաբանելով կատարվածը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք հայությանը՝ հայրենիքում և սփյուռքում՝ շնորհակալություն հայտնելով սենատորներ Մարքիին և Ուայթհաուսին, և, իհարկե, հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնին հայ պատանդների ազատության և Արցախի հայերի վերադարձի պահանջի համար։ Բաքվի փորձը՝ առևանգել COP 29-ը իր հանցագործությունները սրբագրելու համար, հակառակ արդյունք է տվել։ Հաջողվել է միայն համաշխարհային ուշադրություն կենտրոնացնել Ալիևի ռեժիմի կոռուպցիայի և աղտոտվածության, ագրեսիայի և բռնաճնշումների վրա»:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ