25-01-2025 | 12:24
Անցած երկու օրերին համացանցում հանդիպեցի շատ խիստ գնահատականների՝ Թաթա Սիմոնյանի համերգի մասնակիցների հասցեին: Չեմ կիսում այդ գնահատականները՝ մարդիկ իրավունք ունեն բավարարելու իրենց գեղագիտական պահանջմունքներն՝ իրենց ճաշակին կամ նույնիսկ՝ օրվա տրամադրությանը համապատասխան:
Այլ հարց, որ ես ինքս չէի գնա այդ համերգին՝ իմանալով, որ գտնվելու եմ Հայաստանի այսօրվա ծանր վիճակի համար գլխավոր պատասխանատուի հետ նույն տարածքում:
Պարզ է, որ Թաթայի կատարած երգերը զվարճանալու, «քեֆ անելու» համար են: Բայց, եթե մենք սկսենք կամայական գծեր դնել «բարձր» եւ «ոչ բարձր» արվեստի միջեւ, ապա շատ հեռուն կգնանք. մեկը կարող է ասել, որ «Բիթլզի» երգերը կամ Յոհան Շտրաուսի վալսերը նույնպես բարձր արվեստ չեն:
Իհարկե, ավելի գերադասելի են այն երաժշտական գործերը, այն գրքերը, ներկայացումները, կտավները, ձայնագրությունները, տեսանյութերը, որոնք մարդկանց միտքն են շարժում, դուրս են բերում նրանց կենցաղային հարթությունից: Ավելին՝ կարծում եմ, այսօր դրանք ավելի կարեւոր են, քան երբեւէ:
Մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ՝ այդ երկրի ղեկավարը մեզ մշտապես հիշեցնում է դրա մասին: Հայաստանի իշխանությունը, խոսելով ինչ-որ՝ միայն իրեն հայտնի «խաղաղության» մասին, փաստորեն հանդես է գալիս հակառակորդի կողմից: Կհարցնեք՝ այս վիճակում ի՞նչ արվեստ:
Բայց եկեք հարցին մոտենանք այլ կողմից՝ ինչո՞ւ է հայաստանցիների մեծամասնությունը հաշտվում ազգային նվաստացման հետ, ինչո՞ւ է հանդուրժում այս աղետը բերած իշխանությանը: Գուցե պատճառներից մեկը տգիտությունն է, ցինիզմն է, իրական արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը:
Արդյո՞ք 1988-ի հայ հասարակությունն իրեն այդպես կպահեր: Ակնհայտորեն ոչ՝ որովհետեւ այդ հասարակության կրթական ցենզը զգալիորեն ավելի բարձր էր: Եվ, հետեւաբար, մարդկանց կրթելը, դաստիարակելն այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկն է: …
Տեսագրություններից մեկում ես խոսել եմ Եղիա մարգարեի մասին: Օգտատերերից մեկն արձագանքել է՝ «Հերիք է հրեաներին գովեք, խոսեք հայոց պատմության մասին»:
Գուցե չհամաձայնեք ինձ հետ, բայց կրկնեմ՝ մեր ներկայիս իրավիճակի եւ մեր քաղաքացիների մեծամասնության կրթական մակարդակի միջեւ ուղիղ կապ կա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ