04-12-2024 | 21:56
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին: Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում:
Բայդենն անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Թրամփի հետ ունեցած բանավեճին: Նա վստահություն է հայտնել, որ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել իրեն մրցապայքարից:
Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահը նաև խոստովանել է, որ Թրամփի հետ ունեցած բանավեճը վատ դրվագ էր. պատճառն իր հոգնածությունը, հյուծվածությունն ու մրսածությունն էին:
«Դա վատ դրվագ էր, որը չի վկայում ընդհանուր լուրջ վիճակի մասին: Ես պարզապես ուժասպառ էի, ես չէի լսում իմ բնազդներին»,- նշել է Բայդենը:
Նա շեշտել է, որ նույնիսկ անցել է COVID թեստ, քանի որ բժիշկները «փորձում էին պարզել, թե ինչն է նախագահի վատ ինքնազգացողության պատճառը»: Թեստը բացասական է եղել: Միևնույն ժամանակ, ամերիկացի ղեկավարն ընդգծել է, որ բանավեճում իր վատ ելույթի համար «իրենից բացի ոչ ոք մեղավոր չէ»։
Հարցազրույցում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ միայն ինքը կարող է դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանին և պահպանել ՆԱՏՕ-ն որպես միասնական կառույց։