
12-06-2025 | 14:34
Կան հստակ չափանիշներ՝ որոշելու համար՝ արդյոք իշխանությունների գործողություններն ուղղված են այս կամ այն հարցի լուծմա՞նը, թե՞ ցուցադրվող ջանքերը զուտ դերասանություն են, եւ ամբողջ նպատակն աթոռները պահելն է: Բերեմ մի քանի օրինակ: Ենթադրենք, մենք խնդիր ունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու: Ի՞նչն է խանգարում համապատասխան ընթացակարգով սկսել այդ գործընթացը:
Բայց իրականում ոչ մի գործընթաց չկա: Ասվում է՝ «մենք մտադիր ենք դուրս գալ», բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Ինչո՞ւ: Մի կողմից՝ արեւմտյան գործընկերներին սիրաշահելու նպատակով («կիսում ենք նույն արժեքները» եւ այլն), մյուս կողմից՝ Ռուսաստանին առանձնապես չբարկացնելու համար: Չէի ասի, որ այդ պարզունակ գեղջկական խորամանկությունը դիվանագիտության «բարձրագույն պիլոտաժ» է: Ավելին՝ նման խաղեր տալը կարող է շատ վատ վերջանալ:
Կամ՝ Փաշինյանը խոստացել է Ալիեւին նոր տարածքներ հանձնել՝ «սահմանազատման» անվան տակ: Կարող է հենց հիմա հրաման տալ՝ հետ քաշելու մեր ստորաբաժանումները: Բայց փորձը ցույց է տալիս, որ դա գուցե որոշակի հուզումներ առաջացնի (ինչպես տեսանք, իշխանության համար ոչ այնքան վտանգավոր):
Դրա համար էլ ակնարկներ են արվում հանրաքվեի մասին: Ինչ խոսք, շատ «ժողովրդավարական» ձեւ է՝ «դու կո՞ղմ ես, սիրելի ժողովուրդ, Հայաստանի մասնատմանը»: Ենթադրում եմ, որ «սիրելի ժողովուրդը» (ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը) կողմ կլինի նոր տարածքների հանձնմանը: Միայն թե «նախկինները» չվերադառնան:
Հիմա էլ ԵՄ անդամակցությունը, որին իբր «ձգտում են» ՀՀ ներկայիս իշխանությունները: Եթե ձգտում են, ապա ոչինչ չի խանգարում նրանց նախ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից (առանց դրա չի լինի) եւ հետո հայտ ներկայացնել՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Բայց՝ ոչ:
Փաշինյանը հրահանգում է մի շարք իշխանամետ կուսակցությունների՝ տեղեկատվական աղմուկ բարձրացնել ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով: Դա արվում է երկու նպատակով: Առաջինը նույնն է՝ հաճոյանալ Արեւմուտքին, բայց ոչ մի գործնական քայլ չձեռնարկել:
Իսկ երկրորդը դարձյալ Փաշինյանի ոճի մեջ է՝ է՛լ ավելի պառակտել առանց այդ էլ պառակտված հասարակությունը: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս իշխանության «արեւմտամետ» քարոզիչներին «հայտնաբերել» եւ պիտակավորել նրանց, ում կարելի է անվանել «bad guys»:
«Դու դե՞մ ես, որ հանրաքվե անցկացվի: Ուրեմն ռսաստրուկ ես, կղերական ես եւ ծառայում ես «նախկիններին»: «Դեպի ԵՄ ձգտումների» շղարշի տակ գրեթե չքողարկված բոլշեւիկյան պարանոյան եւ «ներքին թշնամիների» փնտրտուքը, մեղմ ասած, կասկածներ է առաջացնում այդ «եվրոպական» ձգտումների անկեղծության վերաբերյալ: …
Իսկ եթե ես կողմ եմ ԵՄ-ին անդամակցելուն, բայց դեմ եմ հանրաքվեի շուրջ իշխանության արհեստականորեն բորբոքած քարոզչական աղմուկի՞ն…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ