25-01-2025 | 12:24
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան չեղարկել է «dearMoon» առաքելությունը, որը, նախագծի հեղինակների խոսքով, պետք է դառնար առաջին մասնավոր թռիչքը Լուսնի շուրջ, տեղեկացրել է Reuters-ը։ Սկզբում թիմը նախատեսում էր հանրահայտ մարդկանց թռիչքը կատարել անցած տարեվերջին, բայց դա «անիրականանալի էր», նշվել է առաքելության կայքի հայտարարությունում։
«Հստակ ժամանակացույց չունենալով առաջիկա հեռանկարի հարցում՝ Մաեձավան ծանր սրտով կայացրել է նախագիծը չեղարկելու անխուսափելի որոշումը,- նշվել է հայտարարությունում։- Բոլորին, ովքեր աջակցել են նախագծին եւ անհամբերությամբ սպասել դրա իրականացմանը, անկեղծորեն երախտապարտ ենք եւ ներողություն ենք խնդրում այսպիսի ելքի համար»։
Ինքը՝ Մաեձավան, ենթադրել է, որ չեղարկման պատճառը անորոշությունն էր նախագծի զարգացման նկատմամբ՝ հայտնելով, որ նա պայմանագիրն ստորագրել է 2018թ.՝ ելնելով այն ենթադրությունից, որ արձակումը կկայանա 2023թ. վերջին։
«Դեռեւս պարզ չէ, թե երբ Starship-ը կկարողանա մեկնարկել»,- նշել է միլիարդատերը։
«Չեմ կարող պլանավորել իմ ապագան նման իրավիճակում, եւ ես ահավոր վատ եմ զգում՝ անձնակազմի անդամներին ստիպելով ավելի երկար սպասել, այստեղից էլ ներկա պահին ուղեւորությունը չեղարկելու այս որոշումը»,- ավելացրել է նա։
2022թ. Մաեձավան հայտարարել էր, որ K-pop T.O.P-ի աստղը եւ դիջեյ Սթիվ Աոկին լինելու են անձնակազմի ութ անդամների մեջ, որոնց նա նախատեսում է վերցնել Լուսին թռչելու համար։ Նոյեմբերին նա հայտնել էր, որ թռիչքը հետաձգվելու է մինչեւ այդ տարվա վերջ կամ ավելի ուշ։
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Մաեձավային՝ Zozo Inc նորաձեւ հագուստի ճապոնական ինտերնետ-խանութի հիմնադրին անվանել էր իր առաջին մասնավոր ուղեւորը 2018թ.։ Երեք տարի անց նա դարձավ ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին մասնավոր ուղեւորը, որն այցելեց Միջազգային տիեզերակայան՝ թռչելով «Союз» հրթիռով։