08-12-2024 | 15:58
Մինչ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ շարունակվում է գլոբալ և ռեգիոնալ դերակատար քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մեկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկետ և մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտեզի վրա խորապես ազդող քայլեր է կատարում։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:
«Առիթ ունեցել եմ վերլուծելու վրացական Անակլիա նավահանգիստը չինական կողմի շահագործման փոխանցելու որոշման ազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։
Չինաստանն իր լոգիստիկ ինքնուրույն խաղով ամբողջությամբ մերկացնում է այդ միջանցքի բացառապես գեոպոլիտիկ, պանթյուրքական էությունը։
Թուրքիան և Ադրբեջանը ջանք չեն խնայում ներկայացնելու իրենց երազանքը գլոբալ-տնտեսական շահավետության ճռճռան փաթեթավորմամբ՝ շեշտադրելով Արևմուտք-Չինաստան առևտրի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը:
Չինաստանը Հարավային Կովկասում պանթյուրքիզմի կուտն ուտելու փոխարեն՝ իր առևտրային հոսքերը բաշխում է կամ Սյունիքից հյուսիս՝ Վրաստանով, կամ Սյունիքից հարավ՝ Իրանով։ «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին»,- գրել է Աշոտյանը: