08-10-2024 | 13:49
Բենինը, որը գտնվում է Գվինեյան ծոցի ափին, հնագույն համաշխարհային կրոններից մեկի՝ վուդուի պատմական հայրենիքն է։ Դա կենդանապաշտական կրոն է եւ հազարամյակների պատմություն ունի, սերտորեն կապված է Դագոմեայի թագավորության հետ՝ արեւմտաաֆրիկյան պետություն, որը գոյություն է ունեցել 1600-1904թթ.։
Թագավորության 12 թագավորները կառավարել են Աբոմեայից՝ քաղաք ժամանակակից մայրաքաղաք Պորտո Նովոյից հյուսիս-արեւելք, եւ թեեւ Դագոմեան հայտնի էր իր ռազմաշունչ մշակույթով, թագավորության իններորդ կառավարիչը՝ Գեզոն, ձեռք էր բերել հատկապես արնախումի համբավ։
Գեզոն Դագոմեան կառավարել է 1818-1852թթ., եւ նրա խրճիթի կահավորանքը համապատասխանել է նրա ռազմաշունչ հավակնություններին։ Դեպի նրա խրճիթ տանող ծառուղին, լեգենդի համաձայն, «զարդարված» էր գանգերով, իսկ նրա գահը բարձրացված էր թշնամիների ոսկորների վրա։ Լեգենդը պատմում է, որ անգամ թաղման համար նախատեսված խրճիթները կառուցվում էին 41 զոհերից ստացված արյան լուծույթով (41-ը կարեւոր թիվ է վուդուում)։ Այժմ ֆրանսիացի հնագետները ստուգել են այս առասպելը, եւ պարզվել է, որ լեգենդները ճշմարտացի են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proteomics ամսագրում։
«Մենք մշակել ենք երեսպատման նյութում առկա սպիտակուցների ինքնատիպ միջոց եւ պարզել դրանց ծագումը,- գրել են հետազոտության հեղինակները։- Մի քանի ցուցանիշներ վկայում են մարդկային եւ թռչունների արյան հետքերի մասին դրանցում»։
Հետազոտողները նշում են, որ թաղման համար նախատեսված այդ կառույցներում սովորական լուծույթի փոխարեն օգտագործվել է կարմիր ներկ եւ ջուր՝ խառնված մարդկային արյան հետ, որը, հավանաբար, ստացվել է ստրկացված ժողովուրդներից կամ թշնամու գերիներից։
Հետազոտողները օգտագործել են մետապրոտեոմիկա մեթոդը, որն ուսումնասիրում է սպիտակուցի նմուշները՝ ստացված որոշակի միջավայրից, եւ եկել ահավոր եզրակացության՝ նուկլեինաթթուների սեքվենավորման օգնությամբ։
Պարզվել է, որ այդ նյութերում կարելի է գտնել ինչպես մարդկային, այնպես էլ հավի հեմոգլոբին եւ իմունոգլոբուլին։