
10-07-2025 | 15:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալին որակազրկելու՝ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) որոշումը պատիժ է համարում ողջ թուրք ժողովրդի համար։ Այս մասին նա լրագրողներին է ասել Գերմանիայից վերադառնալուն պես։
«Արևմուտքի մոտեցումը մեր հանդեպ մտածելակերպի տեսանկյունից չի փոխվել, նրա տրամադրությունները դեռ նույնն են։ Մերիհ Դեմիրալին տված պատիժը ի սկզբանե համաձայնեցված էր։ Իրականում սա Թուրքիայի, որպես ազգի, պատիժն է։ Եվ դրա համար լավագույն պարգևը կլիներ հաղթանակը [Հոլանդիայի հետ] խաղում: Ցավոք, դա տեղի չունեցավ։ Բայց առջևում 2026 թվականի աշխարհի առաջնությունն է և 2028 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Լավագույն կերպով պատրաստվելով դրանց՝ հույս ունենք, որ վրեժխնդիր լինելու հնարավորություն կունենանք»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցների պատճառը թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումն է եղել խաղից հետո։ «Եթե հարցը «գորշ գայլի» ժեստի համար պատժելն է, օրինակ, գերմանացիներն արծիվ ունեն։ Դուք պատժո՞ւմ եք դրա համար: Ոչ։ Ֆրանսիացիներն աքլոր ունեն. Դուք պատժու՞մ եք նրանց։ Ոչ։ Մերիհի այս պատիժը, որը գոլ խփելու ոգևորությունից ցույց տվեց մեր ավանդությունների մեջ հիշատակված նշանը, անձամբ նրա պատիժը չէ»,- ասել է Էրդողանը` կրկնելով, որ ՈՒԵՖԱ-ն պատժել է թուրք ժողովրդին։
ՈՒԵՖԱ-ն Ավստրիայի հավաքականի հետ հանդիպումից հետո (2:1) երկու խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալին։ Դեմիրալը դուբլի հեղինակ դարձավ այդ խաղում։ Երկրորդ գոլից հետո ֆուտբոլիստը ցուցադրեց թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» նշանը։ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Թուրքիայի հավաքականը հուլիսի 6-ին մրցել է Նիդեռլանդների հետ։ Էրդողանը ներկա է գտնվել այս հանդիպմանը Բեռլինում, որտեղ ժամանել էր հիմնականում ՈՒԵՖԱ-ի որոշման հետ կապված սկանդալի պատճառով։