07-09-2024 | 18:30
Նրա կերպարը պատկառանք էր ներշնչում, ներկայությունը ազդեցիկ էր շրջապատի համար, խոսքը հասցեական էր ու կշռադատված, միտքը՝ սուր, վերլուծական ու համադրող։ Նրա լինելը շատերի համար խարիսխ էր, իսկ չլինելը մեծ ցավ ու դատարկության զգացողություն բերեց։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը 30 տարուց ավելի ճանաչել է Երվանդ Ազատյանին, վայելել ավագ ընկերոջ, գործընկերոջ մտերմությունը։ Նրա պատմություններում ու հուշերում Երվանդ Ազատյանը բարձր մտավորական է, քաղաքական վերլուծաբան, կուսակցական գործիչ, բարերար, գրականագետ ու շրջապատի նկատմամբ չափազանց ուշադիր, սրտացավ ու նրբանկատ մարդ։
-Պարոն Միրզախանյան, Երվանդ Ազատյանի բոլոր առավելությունների ու բնութագրումների մեջ ամենաբարձր հատկանիշը ո՞րն եք համարում։
-Ամեն ինչից բացի, նա ազգային գործիչ էր։ Քչերի մասին կարող ենք ասել՝ ազգային գործիչ։ Երվանդ Ազատյանը հայ ժողովրդի, Հայրենիքի, Սփյուռքի նկատմամբ տածած իր անսահման սիրով ու նվիրումով, սրտացավությամբ հենց ազգային գործիչ է։
Գրականությունից, պատմությունից, քաղաքականությունից, տնտեսությունից նա ահռելի գիտելիքներ ուներ։ Մի քանի, ընդ որում՝ միմյանցից տարբեր մասնագիտություններով համալսարանական կրթություն էր ստացել։ Հոյակապ ձեռագիր ուներ, ու գրեց իր ամբողջ կյանքի ընթացքում։ Հրաշալի վերլուծաբան էր։
Մի հայտնի գործարար տարիներ առաջ ինձ ասաց՝ ես հիմա թերթերին, մամուլին հետևելու ժամանակ չունեմ։ Միայն կարդում եմ Երվանդ Ազատյանի վերլուծականները և տեղեկանում, թե Հայաստանի մասին միջազգային հարթակներում ինչ են խոսում, ինչ մարտահրավերներ կան։
Կյանքի վերջին տարիներին «Պայքար» թերթում Երվանդ Ազատյանը վերլուծականներ էր գրում, որոնք այլ ԶԼՄ-ներ արտատպում էին։ Հակիրճ ու բազմակողմանի ներկայացնում էր միջազգային մամուլը։ Իսկ դրա համար հարկավոր է տարբեր լեզուների տիրապետել։ Ազատյանը հրաշալի գիտեր անգլերեն, ֆրանսերեն, հայերեն։
Նա նաև փայլուն գրականագետ էր, հայ գրականությունը գիտեր իր զարգացման տարբեր շրջաններով։ Մի անգամ հարցրի, թե որ բանաստեղծին է ամենաշատը գնահատում։ Պատասխանեց՝ չցանկանալով մեր մյուս բանաստեղծներին նսեմացնել, այնուամենայնիվ՝ Պարույր Սևակ։
-Պարոն Ազատյանը սիրում էր շփվել երիտասարդների հետ. Ասում էր՝ ես նրանցից ուզում եմ նոր բան սովորել։ Երիտասարդների մեջ թարմ մտքեր ու գաղափարներ, առաջադեմ հայացքներ էր փնտրում, հավանաբար ուզում էր երիտասարդ գաղափարական առաջնորդների՞ գտնել։
-Միշտ երիտասարդների փնտրտուքների մեջ էր, որպեսզի նրանց ընդգրկեր ազգային կառույցներում, մշակութային կյանքում, սակայն, ցավոք, չեմ կարող ասել, որ Երվանդ Ազատյանը գտնում էր այդպիսի երիտասարդների։ Բայց որ փնտրում էր, հաստատ է։
Երվանդ Ազատյանն ու իր կինը՝ տիկին Նորան, որ սերում էր Տամատյանների հայտնի տոհմից, ԱՄՆ-ի հյուրանոցներից մեկում երկու աղջկա են հանդիպել, որոնք հետո Ազատյանների տանը մեծացան։ Ամուսինները նրանց տեր կանգնեցին, համալսարանական կրթություն տվեցին, աշխատանքի տեղավորեցին։ Այդ աղջիկներն ապրեցին ու մեծացան նրանց տանը։
Եվ ոչ միայն նրանք... Սա կարող է պարզ կենցաղային պատմություն թվալ, բայց վկայում է Երվանդ և Նորա Ազատյանների մեծահոգության, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելու մասին։
-Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու ապրելով՝ նա լիովին ներկա էր Հայաստանում, ավելի շատ էր տեղեկացված իր Հայրենիքի մասին, քան մենք՝ ապրելով այստեղ։ Ու անընդհատ գրում էր Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին հարաբերությունների մասին։ Ինչո՞վ էր դա պայմանավորված. դժվար թե միայն քաղաքական վերլուծաբան լինելու հանգամանքով։
-30 տարվա ընթացքում, երբ Հայաստանում նախագահներ էին փոխվում, որոշակի զարգացումներ էին լինում, խոսում- կիսվում էինք իրար հետ։ Երվանդ Ազատյանը հաճախ Հայաստան-Սփյուռք հայտնի ազգային շրջանակների մոտեցումների
թելադրողն էր։ Նրա պրակտիկ գործունեությունը, նաև գրիչը ուղղորդող դեր ունեին հատկապես 1990-ականներին՝ անկախացումից հետո։ Նրա սկզբունքները կարող էին ընդդիմադիր շրջանակներում հարցեր առաջացնել, իսկ մոտեցումը հետևյալն էր՝ Հայաստանի ցանկացած իշխանության հետ պետք է համագործակցել։ Դա ամենևին չէր նշանակում, թե նա բոլորին համակրում էր. ոչ, իր անսահման գիտելիքներից ու փորձառությունից ելնելով՝ նա շատ լավ գիտեր ով՝ ով է։ Ասում էր՝ իշխանությունները փոխվում են, բայց մեկ է՝ նրանք վերջում նույնն են դառնում։ Նրա համար ամենակարևորն այն էր, ՀՀ իշխանությունը ազգային հարցերում ճիշտ քաղաքականություն իրականացնի, երկրի կրթական-մշակութային զարգացումն ապահովի։ Շատ էր կարևորում եկեղեցու դերը։ Դրա վերաբերյալ թե՛ հայաստանյան, թե՛ Սփյուռքի մամուլում բազմաթիվ հրապարակումներ է արել։ Եկեղեցին նա դիտարկում էր որպես ազգապահպանման, մշակութային, կրթական զարգացման կարևորագույն կառույց։
-Երվանդ Ազատյանը նաև «Թեքեյան» մրցանակաբշխությանն էր մասնակցում, հետևում ընթացքին։ «Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի նախագահն էր։ Սա վկայում է այն մասին, որ ուզում էր այս նախաձեռնությամբ խրախուսել կրթամշակութային նոր գաղափարները, ստեղծագործական մղումները։
-Այս տարի «Թեքեյան» մրցանակաբաշխությունը 30-րդ անգամ ենք անց կացնում։ Հանրային, մտավոր շրջանակներում այնքան սպասված այդ մրցանակաբաշխությունն իրականություն է դարձել շնորհիվ Երվանդ Ազատյանի։ Նա ՄՆ Թեքեյան մշակութային միությունում հիմնադրամ ստեղծեց. գոյացած տոկոսներով էլ նախաձեռնեց «Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 2023-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը որոշում ընդունեց «Գրականություն» անվանակարգի մրցանակը կոչել Երվանդ Ազատյանի անունով։
-Պարոն Ազատյանը միշտ կրկնում էր՝ հայաստանյան իրողությունները չի կարելի գնահատել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Այն, ինչ կատարվում է երկրի ներսում, պետք է դիտարկել տարածաշրջանային, նաև համաշխարհային իրադարձությունների համատեքստում։ Ազատյանի քաղաքագիտական, վերլուծական ու իրավիճակից ելքեր առաջարկող միտքը Հայաստանը կարողացա՞վ օգտագործել։
-Ոչ, չօգտագործեց, ու դրա վառ ապացույցը՝ մեր էկրաններին խոսող գլուխներն են, որոնց տակ գրվում է՝ քաղաքագետ։
Երվանդ Ազատյանը հայաստանյան կյանքի ազգանպաստ հնարավոր քայլերը դիտարկում էր համաշխարհային քաղաքական զարգացումների համատեքստում։ Այդպիսի միտքն ու սկզբունքը մեզնում շատ են պակասում։ Մեր քաղաքագետներին բնորոշ է անհիմն մեծամտությունը։ Ես կասեի, որ դա շատերի դեպքում կրթության, գիտելիքի բացակայության ու մեծ նկրտումների հետևանք է։
Ուզում եմ կրկնել՝ Ազատյանի նման ազգային գաղափարներով լեցուն, բազմակողմանիորեն զարգացած, գիտելիքների պաշարով, փորձառությամբ, լայն մտահորիզոնով ու աշխարհայացքով մարդիկ հազվագյուտ են։ Այս պահին այդպիսի երկրորդին ես չգիտեմ, չեմ տեսնում։
Ամեն տարի Հայաստան էր գալիս, նույնիսկ տարին մի քանի անգամ, հովանավորում էր տարբեր նախագծերի։ Ու դա սրտի կանչով էր անում։ Նա շատ լավ էր գիտակցում Հայոց պետության կարևորությունը, խոսում և գրում էր, որ Սփյուռքի պահպանումը հնարավոր է միայն ու միայն Հայկական պետության առկայության պայմաններում։
25 տարի առաջ նա ինձ հարցրեց՝ չե՞ս վախենում, որ մեր ազգը բնաջնջվի։ Ասացի՝ ընկեր Ազատյան, ո՞վ բնաջնջի։
Պատասխանեց՝ թուրքերը։ Ասացի՝ չէ, ի՞նչ եք ասում, սահման ունենք, որը պահպանվում է...
Տասնամյակներ են անցել․ ես հիմա ավելի հաճախ եմ հիշում նրա այդ հարցն ու մեր զրույցն այդ թեմայով։
Համաշխարհային իրադարձությունների զարգացումների հիման վրա ապագայի կանխատեսումներ անելու նրա ունակությունը հիմնված էր չափազանց իրազեկ, բանիմաց ու վերլուծական հզոր միտք ունենալու նախադրյալների վրա։ Նա գիտեր, խորությամբ էր ուսումնասիրում Արևելյան ու Արևմտյան աշխարհները, այդ երկրների լեզուները, երկար տարիներ եղել է Եգիպտոսի «Արև» թերթի խմբագիրը։
Ազատյանի հետ այս հարցի շուրջ հաճախ ենք զրուցել. մենք տարածաշրջանային փոքր դերակատարում ունենք, բայց հաճախ ենք ասում՝ հզոր Սփյուռք ունենք։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Տեսնում ենք, որ Սփյուռքը մեծանում է, հայաստանյան հողի վրա ազգային պետություն զարգացնելու պատմական բացառիկ հնարավորություն ունենք, բայց այդ
ուղղությամբ հետխորհրդային շրջանում ոչինչ չարեցինք։
-Սփյուքը մեծանում է, բայց Սփյուռքի դերը փոքրանում է, դա՞ եք ուզում ասել։
-Այո։ 60-70 տարի առաջ Սփյուռքն ավելի փոքր լինելով՝ ազգային կառույցները, ազգային մամուլը, հայկական դպրոցները, հայագետները շատ ավելի մեծ թիվ էին կազմում, նշանակալի դեր ունեին, քան հիմա, երբ շատ ավելի մեծ Սփյուռք ունենք։
-Երվանդ Ազատյանը երբեք տեղի չտվեց, նախկինում էլ, հիմա էլ ամեն ինչ արեց Հայաստան-Սփյուռք կապը պահելու համար։
-Նա նաև իր այդ տեսակով վերջին մոհիկաններից էր։ Ազգային, իտելեկտուալ, հոգևոր, մշակութային մակարդակը նա մինչև վերջ պահեց... այդպիսի գործիչ էլ չունենք։
Նա մի քանի տարի առաջ ինձ հետ նույնիսկ քննարկել է Հայաստան տեղափոխվելու և մշտապես այստեղ բնակվելու հարցը։ Սակայն խանգարող հանգամանքները թույլ չտվեցին։ Նա մի փայլուն պատմվածք ունի, երբ խորհրդային շրջանում առաջին անգամ եկել է Հայաստան։
Պատմում է, թե ինչպես է ուղղակի պաշտում այստեղի տուֆակերտ շենքերը, ժողովրդին։ Նա սիրահարվում է Հայաստանին։ Այդ պատմվածքում հեղինակն այնքա՜ն անկեղծ է։
-Ամենահիշարժան պատմությունները՝Երվանդ Ազատյանի մասին։ Կպատմե՞ք։
-Փոքր-ինչ մտերմիկ-հումորային դրվագ պատմեմ. 2003 թվականի աշնանը Մոսկվայի Սյունազարդ դահլիճում Համաշխարհային հայկական գագաթնաժողովն էր, որին մասնակցում էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Իվանովը, Հայաստանից էլ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պուտինը բավականին էմոցիոնալ, հայամետ ելույթ ունեցավ, մեջբերեց Պետրոս Մեծի՝ հայերին գնահատող խոսքերը։ Ավանդական Սփյուռքի անունից ելույթ ունեցավ Երվանդ Ազատյանը։ Նա բավականին հետաքրքիր ու բովանդակալից խոսեց։ Որոշեց խոսել հայերեն, հետո ինքն իրեն թարգմանել անգլերեն։ Հետևաբար, նրա խոսքը սպասվածից երկար տևեց։ Վլադիմիր Պուտինն սկսեց ժամացույցին նայել։ Երբ Ազատյանը ելույթն ավարտեց, Պուտինը ջերմորեն գրկեց նրան, երկուսով երկար ողջագուրվեցին։ Ես հասկացա, որ բացի այն, որ Պուտինը տպավորված էր Ազատյանի ելույթից, նրան գրկելով՝ նաև իր ուրախությունը հայտնեց, որ այդ ելույթը վերջապես ավարտվեց։
Հետո ընդունելություն եղավ ավելի մտերիմ միջավայրում, Ազատյանն ընդունեց, որ իր ելույթը երկար էր, հասկացավ
նաև Պուտինի երկար գրկախառնվելու պատճառը, ու բոլորս ծիծաղեցինք։
Մի դեպք էլ պատմեմ, որը բնորոշում է Երվանդ Ազատյանին։
1990 ականների սկզբներին Երվանդ Ազատյանը, Արշավիր Գյոնջյանը և ես գնացել էինք Էջմիածին՝ Վազգեն Վեհափառին հանդիպելու։ Երեկոյան կաթողիկոսը մեզ հրավիրեց երևանյան իր նստավայր՝ գործնական զրույցի։ Վազգեն Վեհափառը մեզ համար անսպասելի շատ կոնկրետ հարցերի մասին խոսեց։ Այն ժամանակ Երվանդ Ազատյանը ամեն տեղ տեսախցիկով էր լինում։ Սկզբում տեսախցիկն էր մտնում, հետո՝ ինքը։ Հանդիպման ընթացքում Վեհափառը նկատեց, որ տեսախցիկի լույսը վառվում է։ Հարցրեց՝ Երվանդ, այս ամենը տեսագրե՞լ ես։ Պատասխանեց՝ այո։ Վեհափառի սենյակից դուրս գալիս Գյոնջյանի հետ ափսոսանք հայտնեցինք, որ Ազատյանը տեսագրությունը ջնջեց։ Ազատյանը խորամանկորեն ժպտաց մեզ։
-Դուք գաղափարական-կուսակցական նույն շրջանակից եք, Թեքեյան անունը ձեզ կապում-միավորում է։ Անձամբ Ձեզ հետ կապված ի՞նչ դիպված կհիշեք, որը կամբողջացնի Երվանդ Ազատյան մարդու և ազգային գործչի կերպարը։
-1992 թվականին գնացել էի Դետրոյթ. ՀՀ անկախության օրն էր՝ սեպտեմբերի 21-ը։ Դետրոյթի հայկական դպրոցում էինք։ Շատ անվանի մարդիկ էին հրավիրված, նաև՝ Կոնգրեսից։ Միջոցառման վերջում պետք է տորթը կտրեինք։ Մի դանակ տվեցին անվանի բարերար Ալեք Մանուկյանին, մյուսն էլ՝ ինձ։ Ես բավականին երիտասարդ էի ու մի քիչ էլ ամոթխած։ Նայեցի պարոն Ազատյանին, թե ինչ՞ու ես... Նա հայացքով համոզում էր, թե՝ Ալեք Մանուկյանի հետ դու պիտի կտրես տորթը։ Ես նորից անհամարձակ նայեցի նրան։ Բայց որոշված էր... Վերջապես տորթը երկուսով կտրեցինք։
Հետո ես մոտացա Ազատյանին, ասացի՝ ախր պատվարժան մարդիկ, ի վերջո, կոնգրեսական կար այստեղ, ինչո՞ւ Ալեք Մանուկյանի հետ հենց ես պիտի կտրեի տորթը։
Ասաց՝ քեզ նրանց հետ մի՛ համեմատիր, դու հայրենիքից ես։ Ու դա շատ լուրջ տոնով ասաց։
-Շատ նուրբ պատմություն է իսկապես։ Նա նրբանկատ ու նրբազգաց էր նաև 80-նն անց տարիքում։ Ու զարմանալիորեն սուր միտք, հրաշալի հիշողություն ուներ։
-Դա նաև կենսաբանական գործոն է, ուղեղի աշխատանքը նպաստում է երկարակեցությանը։ Ես կուզեի, որ նա էլի ապրեր, էլի լիներ մեր կողքին։ Նրա մահը շատերին ցավ պատճառեց՝ անգամ այն շրջանակներին, որոնք իր հետ համակարծիք չէին։
- 2022-ի աշնանը երբ վերջին անգամ Հայաստան եկավ, հյուրանոցի առաջին հարկում հանդիպեցինք, «Ազգ» թերթի համար հարցազրույց վերցրի նրանից։ Ռուսական, եվրոպական, արևմտյան մամուլից բառացի մեջբերումներ էր անում, անգամ հիշում էր հոդվածագիրների անունները։ Զարմանքս չթաքցրի։ Ասաց՝ Սոս Սարգսյանի ասածն ամեն օր հիշում եմ՝ հոգիս չառած՝ միտքս չառնես, Աստված։
-Նա պատահական չի հիշել Սոս Սարգսյանին։ Ազատյանը անմիջական, բարեկամական շփում ուներ հայ մեծերի հետ։ Բոլորը՝ նշանավոր դերասաններ, գրողներ, նրան շատ էին հարգում։ 1990-ականների ծանր շրջանում, երբ բանկեր չկային, որ փոխանցումներ արվեին, նաև սոցիական ճգնաժամ էր, Երվանդ Ազատյանը տարեկան մի քանի անգամ գալիս էր Հայաստան ու ոչ դատարկաձեռն։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի սենյակ հերթով մտնում էին մտավորականները։ Ազատյանը թեքեյանական ծրագրերի շրջանակում յուրաքանչյուրին 100 դոլար օգնություն էր բաժանում։ Մտավորականները ստորագրում էին, գումարը վերցնում։ Այն ժամանակ 100 դոլարը լուրջ գումար էր, քանի որ աշխատավարձը 15-20 դոլար էր։
Սերո Խանզադյանի հերթն էր. նա մոտեցավ, Ազատյանը նրա հասանելիք 100 դոլարը տվեց։ Խանզադյանն ասաց՝ ապրես, շնորհակալություն, բայց ինձ մի հատ էլ էդ թղթից տուր։ Ազատյանն ասաց՝չեմ կարող, ամեն ինչ հաշվարկած է, դռան հետևում էլ մեր մյուս մտավորականներն են սպասում։ Խանզադյանն ասաց՝ նրանք «Մխիթար Սպարապետ» չեն գրել։
Մինչ օրս էլ, արդեն 30 տարի, Վահան Թեքեյանի անվան 4-5 դպրոցի ուսուցիչները (4 դպրոց Հայաստանում է, մեկը Բերձորում էր) «Թեքեյան» հիմնադրամից տարեկան մեկ անգամ լրացուցիչ աշխատավարձ են ստանում։ Ու դա արվում է լուռ, առանց դրոշակ սարքելու։
Սա էլ է Երվանդ Ազատայանի նախաձեռնությունը։