14-10-2024 | 14:26
Վերջին ամիսներին «դժգույն» եւ «դժբախտ» բնակավայրերի, իրադարձությունների, երեւույթների, արժեքների քանակը կտրուկ մեծացել է: Դրանց ամբողջական ցուցակը մի քանի էջ կզբաղեցներ, այդ պատճառով կսահմանափակվեմ մի քանի կետերի թվարկմամբ: Եվ այսպես, «դժգույն» եւ «դժբախտ» են՝
1/ 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը, որովհետեւ դա հավակնություն էր «ուրիշի տարածքի» նկատմամբ,
2/ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որովհետեւ այնտեղ «սխալ» եւ «պատերազմ հրահրող» կետեր կան,
3/ 1991 թվականի անկախության հանրաքվեն, որովհետեւ պետություն էր ստեղծվում, պարզվում է, «միայն» Արցախն ազատագրելու համար, եւ խնդիր դրված չէր, որ պետական ազգ դառնանք,
4/ 1992-1994 թվականների պատերազմը (տես՝ կետ առաջին),
5/ ՀՀ սահմանադրությունը, որովհետեւ հղում է կատարում Անկախության հռչակագրին,
6/ հայոց պատմությունը, որը, ինչպես պարզ դարձավ, կապ չունի Հայաստանի պատմության հետ,
7/ հայ ժողովուրդը, որովհետեւ այդպիսի ժողովուրդ, ըստ էության, չկա, կա միայն Հայաստանի ժողովուրդ,
8/ Հայ Առաքելական եկեղեցին, որը «հետամնաց գաղափարներ» է դավանում,
9/ Մասիս սարը, քանի որ ՀՀ տարածքում չէ,
10/ Սեւանն ու Ջերմուկը, քանի որ կարող են գտնվել թշնամու նշանառության տակ:
Թվարկումը, կրկնեմ, կարող է երկար լինել, բայց այսքանով սահմանափակվենք՝ տեղ խնայելու համար: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է «գունավոր» եւ «բախտավոր»: Տրամաբանական պատասխանն է՝ 2018 թվականի հեղափոխությունը եւ դրա առաջնորդը, որը մեզ վերջապես կսովորեցնի, թե ինչ է նշանակում «պետական ազգ» լինել: Ի՞նչ կարելի է անել այս ամայացած դաշտում:
Թերեւս իշխել՝ այնքան ժամանակ, որքան ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հավատում է այս ամբողջ առասպելաբանությանը: Բայց հաստատ հնարավոր չէ պետություն ունենալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»