07-10-2024 | 13:51
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկնարկել են հաղթանակներով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթեց Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Օվասապյան 5:0 հաշվով առավելության հասավ սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ:
87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանն առանց պայքարի անցավ 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում նրա մրցակից, Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն չներկայացավ գոտեմարտին: : 1/8 եզրափակիչում Թադեւոսյանը չհաղթահարեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկեւիչի արգելքը:
Այսօր մրցագորգ դուրս կգան նաեւ Մանվել Խաչատրյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ):
Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունը:
2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի շվեդ Ալեքսանդր Բիկային: