16-12-2025 | 15:27
Եկեղեցին Հայկական՝ մեր հողի վրա ծլած հավատքի կենաց ծառը, դարերով եղել է ոչ միայն աղոթքի վայր, այլև հայ մշակույթի, գրականության, լեզվի ու ինքնության կենդանի կենտրոնը։ Հայ ժողովուրդը իր ամենադժվար պահին դիմել է եկեղեցուն՝ որպես սրբություն, ինչպես Վահան Թեքեյանն է ասում՝
«Եկեղեցին Հայկական ծովուն դիմաց ալեկոծ
Նավահանգիստ մ’է խաղաղ. ցուրտ գիշերին՝ հուր և բոց...»
Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը, հավատարիմ իր առաքելությանը՝ սատարում է հայ մշակույթին, գեղարվեստական խոսքին և հոգևոր ժառանգությանը, իր խորին աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մեր հավատքը՝ եկեղեցու դերն ու գործառույթը՝ որպես ազգային ինքնության առանցք, մնում է անսասան:
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ամրապնդել այդ հոգևոր կամուրջը անցյալի և ապագայի միջև։ Միությունը պատրաստ է իր ներուժով, միջոցներով ու ծրագրերով շարունակել սատարել եկեղեցու հայապահպան առաքելությանը Հայաստանում և Սփյուռքում։
Թեքեյան Մշակութային Միությունը՝ որպես մշակույթի լուռ սպասավոր, իր խոր հարգանքը և համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն՝ իբրև մեր հոգևոր և ազգային կյանքի հիմնաքար։
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգվույս`
Ինչպես քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ, մութ ու լույս,
Իր գավիթով հյուրընկալ, իր լայն բեմով ու հեռուն
Կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նա՜վ մ'է ծըփուն...։
Եկեղեցին Հայկական ես աչքս գոց կը տեսնեմ
Ու կը շնչեմ, կը լըսեմ` իր Հիսուսով մանկադեմ,
Իր սեղանեն մըխացոխ քուլա քուլա խունկերով
Եվ իր պատերը ցնցող աղոթքներով ալեխռով...։
Եկեղեցին Հայկական բարձըր բերդն է հավատքին
Իմ պապերուս, որ հողեն զայն քար առ քար հանեցին
Եվ երկինքեն իջուցին զայն ցող առ ցող, ամպ առ ապմ
Ու թաղվեցա՜ն անոր մեջ հանդարտությամբ, հեզությամբ..․։
Եկեղեցին Հայկական մեծ վարագույր մ'է բանված,
Որուն ետև` սըկիհին մեջ կ'իջնէ Ի'նքը Աստուած,
Որուն առջև` գլխահակ կու հայի իմ ազգս ամբողջ
Հաղորդվի՜լ անցյալին հաց ու գինով կենսառողջ։
Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նավահանգիստ մ'է խաղաղ. ցուրտ գիշերին` հուր և բոց,
Ու տոթակեզ ցերեկին անտառ մըն է ստվերոտ,
Ուր շուշաննե՜ր կը ծաղկին Շարականի գետին մոտ...։
Եկեղեցին Հայկական մեն մի քարին տակ գետնի,
Դեպի երկինք մխացող գաղտնի ճամփա մը ունի...
Եկեղեցին Հայկական Հայ Հոգիին և Մարմնույն
Զըրահանդերձն է փայլուն, մինչ իր խաչերն են դաշույն,
Եվ զանգակներն են բոմբյուն, ու երգն է մի՜շտ Հաղթություն...։