03-11-2024 | 20:15
Կանադայում առաջիկա ընտրություններից առաջ բավական ծանր վիճակ է ստեղծվել վարչապետ Ջասթին Թրյուդոյի համար: Նրա մրցակիցները, այլեւայլ խնդիրներից բացի, թիրախի տակ են վերցրել երկրի համեմատաբար հյուսիսային շրջաններում նոր բնակավայրերի կառուցապատման համար հսկայական գումարներ խլող նրա ծրագիրը, մինչդեռ երկրի մյուս հատվածներում, հատկապես Քվեբեկի եւ Օնտարիոյի նահանգներում, առկա է սուր տագնապ բնակարանների, որոնց գները բարձրացել են երկինք, ինչպես գրում են կանադական թերթերը:
Բնականաբար Թրյուդոն այդ հարցում ունի կողմնակիցներ, սակայն հակառակորդների ակտիվությունը նրան հեշտ հաղթանակ չի խոստանում: Եվ մեկնաբանների կարծիքով վարչապետական աթոռը պահպանելու հարցում նրա բախտը վճռելու է ազգաբնակչության մի մեծ զանգված, որը, գոհ կամ դժգոհ, նրան համարում է պարզապես «սիրուն տղա», «pretty boy»…
Հիմա չգիտեմ՝ Կանադայից գա՞նք մեր իրականություն: Բայց ի՞նչպես: Ի՞նչպես համեմատենք անհամեմատելի իրականությունները՝ Կանադան Հայաստանի, իսկ Կանադայի վարչապետին՝ վարչապետի աթոռը պինդ գրկած անճոռնի մերինի հետ: Կրկնենք Մեծն Պարոնյանի խոսքը, որը կարծես գրված հենց Նիկոլի համար, թե «անիկա կը նմանէր մէկու մը, որուն նմանը չկայ»: Համեմատենք մեր աչքի առաջ, մեզնից շուրջ 670 հազար քվեարկողների օգնությամբ կայացած ու դեռ բարգավաճող բռնապե՞տի հետ:
Ի դեպ, գրեթե բոլոր բռնապետերն էլ որքան խորամանկ, այնքան վախկոտ են լինում: (Հիշեցի սուլթան Համիդին): Նիկոլը սարսափում է, դողէրոցքով է բռնվում ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետի հերթական ազդարարությունն է հնչում: Վերջինը՝ «ռեւանշիստական» լինելու «մեղադրանքն» էր: Երնեկ լինեինք: Աշխարհը չէր զարգանա, եթե բոլոր բռնապետերն ու զավթիչները անպատիժ մնային, «ռեւանշի», վրեժխնդրության չենթարկվեին: Համաշխարհային պատմության ընթացքը այլ հոլովույթ կունենար, եթե հին հույները Մարաթոնի ճակատամարտում պարտության չմատնեին իրենց երկիր ներխուժած պարսիկներին, քանզի ունեին «արդար վրեժխնդրության» աստված՝ Nemesis-ը, որի արձանը կանգնեցրին նույնանուն տաճարում որպես երախտագիտություն:
Փարատենք Հեյդարօղլուի կեղծ մտահոգությունը: Քանի Նիկոլը նստած է աթոռին՝ նման բան չի պատահի: Եվ Բաքվի բռնապետը շատ լավ գիտի դա: Իր իսկ մեղքով սեփական բանակը պարտության մատնած մարդը չի կարող բավարար արիություն ունենալ վրեժխնդիր լինելու:
Ընդհակառակը, դրսի համար որքան վախկոտ, ներսի համար այդքան դաժան եւ հաշվենկատ: (Կրկին հիշեցի Համիդին): Առաջինը նա իրենով արեց Սահմանադրական դատարանը, այնուհետեւ դատական ողջ համակարգը, ավելի ուշ՝ Թուրքիայի սպառնալիքի շնորհիվ ծնկի բերեց մեր ազգային բանակի ղեկավարությանը. այնուհետեւ կաշառելով եւ ուռճացնելով ներքին անվտանգության ուժերին՝ ձեռնարկեց ու շարունակում է քաղաքական հալածանքների արշավը, հարկահանությունը:
Բայց դա չխանգարեց իրեն օրերս Մյունխենում կանցլեր Շոլցի հետ հանդիպմանը անընդհատ, ոմանք ասում են՝ 47 անգամ, գովերգել իր հաստատած կեղծուպատիր «ժողովրդավարությունը»:
Դա չխանգարեց իրեն մյունխենահայ գաղութի սակավաթիվ ներկայացուցիչների առջեւ կրկին ստելու, կրկին հիշեցնելու, թե ինքը երկու առիթ է տվել ընտրողներին (ի դեպ՝ երկուսն էլ վարչապետի պաշտոնակատարի հանգամանքով) ընտրություն կատարելու, եւ ձայները իրեն են տվել:
Իսկ վերջում՝ «ժողովրդավարության» նրա գլուխգործոցը՝ «Եթե ես չլինեմ վարչապետ, ապա ո՞վ է լինելու»:
Փաստորեն, վարչապետ Թրյուդոյի հակապատկեր այս տղան պարզապես ուզում է ասել՝ ընտրե՞լ եք, ուրեմն կա՛մ պիտի քաշեք, կա՛մ պիտի քաշվեք:
Արդեն իսկ քաշված ենք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«Ազգ» շաբաթաթերթ