06-12-2024 | 21:25
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է. տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:
Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,-գրել է Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Այդ օրը հրդեհի զոհ է դարձել մեկ հոգի։