
13-02-2025 | 09:46
Ցավով պետք է մի իրողություն նշեմ, մեր անկախության բոլոր տարիներին`ոչ մի շրջանում պետական քաղաքականությունը մշակույթի կարգավորման ոլորտում, այնքան հստակորեն աղետալի չի եղել, որքան 2018 թվականից առ այսօր:
Այս մասին այսօր Բագրատ Սրբազանի և մշակույթի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Աբգար Ափինյանը:
«Երբեք չենք զգացել պետության ձեռքն այսքան ուղղված մեր դեմ, հայ մշակույթի դեմ, այսքան խանգարող, ոչնչացնող»,-հավելեց նա:
«Հիշում եմ ` «Գոյ» թատրոնն ինչ հրաշալի բեմականացումներ արեց: Մեր մշակույթի խորհուրդը 3 տարի անընդմեջ լավագույնն է ճանաչել «Արալեզ» ներկայացումը: Եվ հարվածն ուղղված էր հենց լավագույնին»,-ասաց Աբգար Ափինյանը` հիշեցնելով թատրոնի շուրջ ծավալվող իրողությունները:
Նա նշում է, որ վերջերս Բելառուսի գրողների միությունը դիմել է իրենց` Մինսկում միջազգային փառատոն անցկացնելու առաջարկով:
«Ես մեծ սիրով համաձայնեցի ու բնականաբար, տեղեկացրի ԱԳՆ-ին և ԿԳՄՍՄ-ին: Մի քանի ամիս տանել-բերելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց, որ այդ ծրագրի հետ որևէ առնչություն չունի:
Խոսքը գնում է Հայաստանի և Բելառուսի մշակույթի կապերի մասին, որոնք դաշնակցային հարաբերությունների հիմքն են: Ահա սա է մեր պետական կառույցի դեմքը, էությունը»,-ասաց գրականագետը: