03-11-2024 | 20:15
Երբ բարձր մակարդակի քաղաքական գործիչը, մանավանդ՝ պետության ղեկավարը, որեւէ հայտարարություն է անում, նա, եթե անմեղսունակ չէ, ցանկանում է, որ այն լսեն բոլոր կողմերը եւ իր հաշվարկները կառուցում է նրանց արձագանքի վրա: Թուրքիայի նախագահ Էրդողանն, անշուշտ, ձգտում է աշխարհին ներկայանալ «մաչոյի» կերպարանքով, բայց դա չի նշանակում, որ նա պատահական եւ չմտածված հայտարարություններ է անում:
Արցախի եւ Լիբիայի օրինակով Իսրայել ներխուժելու սպառնալիքը նույնպես, կարծում եմ, մտածված է: Ուրիշ հարց, որ սպառնալիքը դժվար թե իրականություն դառնա: Իհարկե, ուղերձն ուղղված է Իսրայելին, որի հետ Թուրքիայի հարաբերությունները մշտական վայրիվերումների մեջ են: Ի դեպ, ամենեւին բացառված չէ, որ նրանք նորից «բարիշեն», ինչպես Թուրքիան հաշտվեց Ռուսաստանի հետ՝ այդ երկրի դեսպանին սպանելուց եւ ինքնաթիռը խոցելուց հետո: Հայտարարությունն ուղղված է մահմեդական աշխարհին, որտեղ Էրդողանը «առաջնորդության» հավակնություններ ունի:
Պարադոքսալ ձեւով այժմ ստացվել է, որ մենք Թուրքիայի հետ միասին Իսրայելի դեմ ենք: Պատահական չէ, որ Էրդողանը ողջունել է Պաղեստին պետության ճանաչումը Հայաստանի կողմից: Մեր երկրում մեկնաբաններից շատերը պնդում են, որ դա հանճարեղ քայլ էր: Ճիշտն ասած՝ կասկածում եմ: Համոզված եմ, որ ուղերձի հասցեատերը նաեւ Ադրբեջանն է: Հավանաբար, Ալիեւի վարքի որոշակի դրսեւորումներ այսօր առիթ են տալիս հիշեցնելու «փոքր եղբորը», թե ով է իրականում հաղթել 2020 թվականի պատերազմում:
Ադրբեջանը վարանոտ փորձ արեց Էրդողանի այս հայտարարությունը հերքելու՝ վկայակոչելով ՊՆ անանուն աղբյուրը (չնայած պարզ է, որ քաղաքական ղեկավարի հայտարարությունը պետք է հերքի քաղաքական ղեկավարը): Բայց ի հեճուկս այդ «ամոթխած» աղբյուրի՝ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, մեղմ ասած, ոչ միայն քաղաքական էր: Ամբողջ «օպերացիան» ղեկավարում էր թուրքական բանակի գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը:
ԱԹՍ-ների կառավարումը, մասնավորապես, իրականացվում էր թուրք եւ, որքան էլ դա այսօր հեգնական հնչի, իսրայելցի մասնագետների կողմից: Ժամանակակից թվայնացած, արբանյակներով հագեցած, գլոբալիզացված աշխարհում նման բաները թաքցնելը հնարավոր չէ: …Ինչ խնդիրներ են առաջացել «խաղաղ գործընթացի» (իսկ իրականում՝ մեր կապիտուլյացիայի) հարցում, ես նույնպես ունեմ որոշակի նկատառումներ, բայց դրանք դեռ պետք է ստուգել: Պարզ է մի բան. Հայաստանի իշխանությունն այս ամենում որեւէ դերակատարություն չունի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ