13-01-2026 | 15:38
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, Հայաստանի առաջին խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան պատմում է, թե ինչպես կարող է որակյալ և նորարարական կրթությունը փոխել, կատարելագործել ու զարգացնել մի ամբողջ ոլորտ։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է կրթությունը կերտում կայուն և հեռանկարային մասնագիտական ուղի` բիզնեսը վերածելով իրական արվեստի։
Կրթության բաղադրատոմսը
2019 թվականին Երեմյան ընկերությունների խումբը Մեծ Բրիտանիայի City of Oxford քոլեջի հետ համագործակցությամբ հիմնեց Հայաստանի առաջին խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որը մարմնավորում է ընկերության տարիների հարուստ փորձը, գիտելիքները, ոլորտը զարգացնելու ձգտումն ու առաքելությունը։ 2006 թվականին, երբ ընկերությունը սկսում էր իր գործունեությունը, հյուրընկալության ոլորտը Հայաստանում գտնվում էր դեռևս սաղմնային փուլում։ Գրեթե ներկայացված չէր հայկական խոհանոցը, բազմաթիվ էին ոլորտի հանդեպ հասարակական կարծրատիպերն ու թերահավատությունը, բայց այս ամենից զատ՝ չկային հյուրընկալության ոլորտի մասնագիտություններ և համապատասխան որակյալ ուսուցում իրականացնող կառույց։ Առկա որոշ մասնագիտությունները չէին համարվում մրցակցային և շատ հաճախ, նույնիսկ, պատվաբեր։ Ընկերությունն իր գործունեությամբ աստիճանաբար ստեղծեց Հայաստանում ոլորտային նոր և պահանջված մասնագիտություններ՝ հյուրընկալից մինչև ռեստորանի մենեջեր, միջազգային չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ խոհարարներից մինչև սպասարկող անձնակազմ։ Տարիների հարուստ փորձառությամբ՝ ընկերությունների խումբը 6 տարի առաջ հիմնեց Հայաստանի առաջին խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան՝ կրթական ծրագրերի միջազգային վավերացմամբ։
Ակադեմիան դարձավ հաստատություն, որտեղ սովորում են, մասնագիտանում, վերապատրաստվում, կատարելագործվում։ Ամենից առաջ, այն գերազանցության կենտրոն է ոլորտի բոլոր շահառուների համար։
Փաստեր և հաջողություններ, որոնք պատմում են ավելին
6 տարիների ընթացքում Ակադեմիան խոհարարական արվեստ, հրուշակագործություն, մենեջմենթ, հյուրընկալություն և սպասարկում կրթական ուղղությունների շրջանակներում ունեցել է 2500-ից ավելի ուսանող, մշակել 65 մրցունակ ծրագիր, ձեռք բերել 40-ից ավելի միջազգային և տեղական գործընկեր։ Ակադեմիայում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ ուսանողները ոչ միայն Երևանից են, այլև Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։
Շրջանավարտների 90 տոկոսից ավելին աշխատում են հյուրընկալության ոլորտում՝ զարգացնելով և հարստացնելով այն, Հայաստանը դարձնելով աշխարհի հյուրընկալության քարտեզի ամենավառ և կայացած երկրներից մեկը։
Այսպիսով, Ակադեմիան ոլորտի մասնագիտական կրթության շարժիչ ուժերից մեկն է, որտեղ ուսումնառությունը համարվում է մրցակցային առավելություն։
Խոհարարական դիվանագիտություն․ կամրջելով ժողովուրդներին և խոհանոցները
Ակադեմիայի ստեղծմամբ առաջին անգամ շրջանառվեց խոհարարական դիվանագիտություն խոսույթը։ Առաջին հայացքից խոհանոցն ու դիվանագիտությունը կարող են թվալ չկապակցվող եզրույթներ, սակայն համերը, միասին սնունդ ու սեղան կիսելու ավանդույթները երբեմն խոսում են ավելի ներդաշնակ, քան բառերն ու երկխոսությունները։ Խոհարարական դիվանագիտությունը թույլ է տալիս բանակցել համերի լեզվով, քանի որ մշակույթն ու սովորությունները շատ հաճախ պատմում են ավելին։
Այսօր Ակադեմիայի գործընկերներն են տարբեր դիվանագիտական ներկայացուցչություններ և միջազգային կառույցներ, որոնց հետ համագործակցության արդյունքում բազմաթիվ հայտնի շեֆ խոհարարներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից և այլ երկրներից հյուրընկալվել են Հայաստանում՝ ճանաչելով հայկական խոհանոցն ու իրենց հետ տանելով նրա մի մասիկը։
Հայաստանի առաջին խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան սպասում է նրանց, ովքեր փնտրում են որակյալ, գիտելիքահեն և մրցունակ կրթություն։
Կրթություն, որը ստեղծել և ստեղծում է արժեքահեն փոփոխություններ։
www.armenpress.am