08-10-2024 | 16:51
Երուսաղեմում զինված անձանց կողմից հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել. տեղեկացնում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը:
«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Պետիկ «Խաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ Վաղը նրանց կբերեն դատարան, և նրանց շահերը կներկայացնեն Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման վարձած փաստաբանները»,-ասված է հայտարարությունում:
Շարժումը կոչ է անում Հայոց պատրիարքարանին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ իրենց կապերով՝ տղաներին անմիջապես ազատ արձակելու համար։
Ավելի վաղի ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:
Շարժման անդամները տեղեկացրել էին, որ այդ անձինք փորձել են ներս մտնել և տարածքն իրենց ձեռք վերցնել՝ ընդդեմ օրենքի: Սակայն հոգևորականները, երիտասարդները պաշտպանել են հողատարածքը: Երկու հայ երիտասարդների ոստիկանները բերման էին ենթարկել: