
25-04-2025 | 15:30
Եթե Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը։ Այս պարզ ճշմարտությունը մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտպանելու է Հայաստանը, այստեղ հարցեր չկան»,- վստահեցրել է նա։
Նա սուտ է անվանել Ադրբեջանի վերջին մեղադրանքները Հայաստանի հասցեին, թե իբր խախտվում է հրադադարի ռեժիմը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի պնդումները կեղծ են։
Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետն իր հերթին, հայտնել է կայունությունը պահպանելու մտադրության մասին։ Պաշտոնյան կրկնել է, որ Երեւանը շարունակում է առաջ տանել խաղաղության օրակարգը։
«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել դրա տակ եւ պատրաստ է սկսել տեխնիկական հարցերի քննարկումը՝ փաստաթղթի ստորագրման ժամկետի եւ տեղի մասին։ Տեքստն արդեն համաձայնեցված է, մենք առաջ ենք տանում դրա ստորագրման օրակարգը»,- նշել է նա։