
10-07-2025 | 15:36
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է այն խնդիրների մասին, որոնք Ուկրաինայում ֆրանսիական զորակազմի հայտնվելը կառաջացնի Փարիզի համար։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ինչ վերաբերում է Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին Ելիսեյան պալատի հայտարարություններին, ապա Սերգեյ Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար», - զրույցից հետո հայտնել են գերատեսչությունից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ փետրվարի վերջին արևմտյան մոտ 20 երկրի ներկայացուցիչներ քննարկել են Մոսկվայի հետ հակամարտությունում Կիևին հետագա աջակցությունը, բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցները չկարողացան կոնսենսուսի հասնել այս հարցում, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Ավելի ուշ նա թարմացրել էր իր հայտարարությունը` պարզաբանելու համար, որ «ինչ-որ բան չբացառելը չի նշանակում դա անել»:
Երկրների մեծ մասի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա, և առավել ևս դեմ են Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին իրենց մասնակցությանը։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի ղեկավարը, չնայած քննադատություններին, վստահեցրել է, որ իր խոսքերը «կշռադատված, մտածված և ստուգված են» և կրկնել է, որ չի բացառում զինվորականների ուղարկելու հնարավորությունը։