06-12-2024 | 21:25
ԵԺԿ-Ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Արմեն Աշոտյանին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Քիչ առաջ Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունեց «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է.
«Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։
Բացի այդ, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգայն միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելու մասին»:
Նույն բանաձևում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն, և դադարեցնել իշանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»»,-գրել է Մամիջանյանը։