
25-04-2025 | 15:30
Ռուսաստանը հուսով է, որ հայ հասարակությանը կբացատրվեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր օգուտները և միության հետ խզումից կորուստների չափերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։
«Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով, հնարավոր չէ միաժամանակ լինել երկու հակադիր միություններում:
Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «իշխում է ցուցափայտային կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին»։
Միխայիլ Գալուզինի խոսքով, Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր ընթացիկ հարցերը քննարկում են անկեղծ մթնոլորտում։
«Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ ենք, ուստի մեր օրակարգի բոլոր ընթացիկ հարցերը քննարկում ենք բաց և վստահության մթնոլորտում»,- ասել է նա։
www.news.am