04-12-2024 | 21:56
Գերմանիայում ուկրաինացիները հնարաոր է զրկվեն քաղաքացիական նպաստից, գրում է Bild պարբերականը։
Գերմանիայում գործազուրկի քաղաքացիական նպաստը հունվարի 1-ից կազմում է ամսական 563 եվրո։ Գերմանիայում շատերը դժգոհ են դրանից, քանի որ հաճախ ավելի ձեռնտու է հարկերից ազատված արտոնություններ ստանալ ու ստվերային աշխատանքում«կողքից» վաստակել, քան մշտական աշխատանքի գնալն ու հարկ վճարելը:
2022 թվականի հունիսից գործազուրկի քաղաքացիական նպաստ՝ Bürgergeld կստանան նաև Ուկրաինայից Գերմանիա փախածները։ Այժմ Գերմանիայում 1,25 միլիոն ուկրաինացի կա: Գերմանացի պատգամավոր Բիժան Ջիր-Սարայը հանդես է եկել ուկրաինացիների համար քաղաքացիական նպաստների վերացման օգտին։
«Ուկրաինայի պատերազմից նոր ժամանած փախստականներն ապագայում պետք է ստանան ոչ թե նպաստներ, այլ [վճարումներ]՝ ըստ ապաստան հայցողների նպաստների մասին օրենքի», - ասել է նա և հավելել, որ Գերմանիայում ամենուր աշխատուժի պակաս է զգացվում։
«Օրինակ՝ սննդի, շինարարության և անձնական խնամքի ոլորտներում։ Մենք այլևս չպետք է օգտագործենք հարկատուների փողերը գործազրկությունը ֆինանսավորելու համար, այլ մարդկանց աշխատանք տանք»,-շեշտել է գերմանացի պատգամավորը:
Ավելի վաղ նույնը կոչ էր արել Բրանդենբուրգի դաշնային երկրամասի ՆԳՆ ղեկավար, Գերմանիայի պահպանողական Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Միխայել Շտյուբգենը։ Նա ուկրաինացիների համար նպաստներն «արմատական սխալ» և «աշխատանքի գնալու արգելակ» է անվանել։ Նրա հետ համամիտ է Բավարիայից նրա գործընկեր Յոահիմ Հերմանը։ Վերջինս հայտարարել է, որ ուկրաինացիներին «միանգամայն սխալ խթաններ են տրվում»։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունից հայտնել են, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիվ պատերազմից Գերմանիա փախած մարդկանց վճարումների նվազեցում չի նախատեսվում։