12-11-2025 | 15:41
Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտում տեղադրված հայկական ծագումով ռուս նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է, «Лента.ру»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները հայ ծովանկարչի ծննդյան օրը ապամոնտաժել են Այվազովսկու հուշարձանը։
«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական գործողություն է, այն, ինչպես շատ բարբարոսական գործողություններ, անկեղծ ասած, հիմար և անխոհեմ բնույթ ունի։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում», - նշել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
«Հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարող այդ հրաշալի մարտիկներն, որոնք այսօր իշխում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմամբ։ Նրանք արդեն հասցրել էին պղծել Չարդախլու հայկական գյուղում ծնված խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների հուշարձանները, ազդարարել կրոնական հուշարձանների քանդման քաղաքականություն և ոչնչացրել մեծ թվով խաչքարեր», - ասել է պատգամավորը։
Բացի դրանից, այսօր Ադրբեջանում, պաշտոնական մակարդակով, մշակվում է մի տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ենթադրաբար ոչ հայկական ծագման մասին, նշել է խորհրդարանականը։ Խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դարերի վանքերի մասին է, պարզաբանել է նա։
«Սա բարբարոսություն է և այս բարբարոսությունը ՝ այսօրվա Ռուսաստանի կամ, ասենք, այսօրվա Հայաստանի հետ լարված հարաբերություններով ինչ-որ կերպ արդարացնելու փորձեր։ Եվ երկրի ղեկավարությունը կամ աչք է փակում, կամ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», - եզրափակել է Զատուլինը։
www.news.am